Ամերիկուհին քվեարկել է ծննդաբերության ժամանակ
ԱՄՆ-ում 21-ամյա Գալիցիա Մալոնը, ուշադրություն չդարձնելով ծննդաբերական ցավերին, այցելել է ընտրատեղամաս՝ նախագահական ընտրություններին մասնակցելու։
Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյում։ Չնայած ցավերն սկսվել են գիշերը, սակայն կինը դիմացել է մինչև առավոտ և հիվանդանոցի փոխարեն գնացել է ընտրատեղամաս՝ երկրի ապագայի համար իր քվեն տալու։
«Եթե բոլոր ընտրողներն այդքան գիտակից լինեին, խնդիրները շատ ավելի քիչ կլինեին։ Մենք խոնարհվում ենք այս կնոջ առաջ, ով բոլորին իրական հայրենասիրության օրինակ է ցույց տալիս, հատկապես՝ իր ապագա փոքրիկին»,-պատմել են ընտրական հանձնաժողովի անդամները։
Ինքը՝ Գալիցիան, կարծում է, որ իր քայլն օգտակար է լինելու փոքրիկի համար։
«Նախագահական ընտրությունները, հնարավոր է, գլխավոր պահն են կյանքում։ Դա իմ ամենակարևոր որոշումն է։ Ես չէի կարող բաց թողնել այսպիսի օրը։ Իրոք, ֆիզիկապես դժվար էր, բայց ես հաղթահարեցի»,-ասել է Մալոնը։
Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա քվեարկել է Բարաք Օբամայի օգտին։
«Ես դեմ եմ հղիության արհեստական ընդհատմանը, դա իմ անձնական որոշումն է։ Աղջիկներն իրենք կարող են ընտրել իրենց երեխայի ճակատագիրը։ Հենց այդ փաստն էլ ազդել է իմ որոշման վրա։ Պարզապես Օբամայի քաղաքականությունն այդ հարցում ինձ ավելի է բավարարում, քան Ռոմնիինը»,-ասել է կինը։
Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, Գալիցիան անմիջապես ուղևորվել է հիվանդանոց, որտեղ առողջ աղջնակ է լույս աշխարհ բերել։










