Ռոմնին շնորհավորել է Օբամային (տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում 2-րդ անգամ վերընտրված Բարաք Օբաման շնորհավորական հեռախոսազանգ է ստացել իր մրցակցից՝ հանրապետական Միթ Ռոմնիից, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով նախագահի օգնականին։
Պարտությունից հետո Ռոմնին կարճ ելույթով հանդես է եկել իր աջակիցների առաջ՝ Բոստոնում, որտեղ նշել է, որ հեռախոսազանգի ընթացքում Օբամային և նրա ընտանիքին հաջողություն է մաղթել։
«Ներկայում ԱՄՆ-ի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջան է, և ես աղոթում եմ, որպեսզի նախագահը կարողանա պաշտպանել մեր ժողովրդին»,- ասել է Ռոմնին։
Նախագահական ընտրություններում Բարաք Օբաման ստացել է 275 պատվիրակի քվեն՝ վերընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն, իսկ Ռոմնին՝ 203։
Վերջին տվյալներով՝ Օբաման հաղթել է նաև Նևադա նահանգում, որը համարվում է «տատանվող» նահանգներից։ Այստեղ հաղթանակը նրան բերել է 6 պատվիրակի ձայն։ Սակայն Ռոմնին առաջ է Օբամայից ընտրողների ընդհանուր թվով. հանրապետական թեկնածուի օգտին իր ձայնն է տվել 41,7 մլն մարդ, Օբամայի օգտին՝ 40,7 մլն։










