Ահմադինեժադը սպառնացել է տապալել գալիք նախագահական ընտրությունները
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախազգուշացրել է, որ ինքը կարող է տապալել այս տարվա ամռանը կայանալիք նախագահական ընտրությունները, ինչը երկրում կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի, հայտնում է բրիտանական The Time հանդեսը՝ ընդգծելով, որ այս կերպ Ահմադինեժադը փորձում է իր ձեռքում պահել իշխանությունը։
Անցած հանգստյան օրերի ընթացքում նախագահի պաշտոնական կայքէջում բաց նամակ է տեղադրվել, որում Ահմադինեժադը քողարկված սպառնալիք է ներկայացրել, որ եթե իր «աջ ձեռք» Էսֆանդիար Ռահիմ Մաշեիի թեկնածությունը նախագահի պաշտոնում հավանության չարժանանա, ապա ինքն ընտրությունները կհետաձգի և կմնա իշխանության գլխին։
Հունիսին կայանալիք ընտրությունների թեկնածուները պետք է հավանության արժանանան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդի կողմից, որը բաղկացած է 12 հոգուց՝ 6-ական հոգևոր առաջնորդից և իրավաբանից։










