Սերժ Սարգսյանը հաղթում է վիճահարույց ընտրություններում. միջազգային մամուլի անդրադարձը
Հայաստանի նախագահական ընտրությունները շարունակում են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում մնալ. բրիտանական, ֆրանսիական, ռուսական, արաբական առաջատար լրատվամիջոցներն այս անգամ ծավալուն հոդվածներով արձագանքել են փետրվարի 18-ին կայացած քվեարկության արդյունքներին:
«Բոլոր ընտրատեղամասերի ձայների հաշվարկի համաձայն` պրն Սարգսյանը մոտ 59 տոկոս ձայն է հավաքել, իսկ նրա ամենամոտ մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը` մոտ 37 տոկոս»,- գրում է բրիտանական Բի-Բի-Սի հեռուստառադիոկորպորացիան` հավելելով, թե Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) անցած ամիս իր խորը մտահոգությունն էր հայտնել, որ խոշոր կուսակցությունները, ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բացակայության պատճառով, չեն առաջադրել իրենց թեկնածուներին:
Բի-Բի-Սի-ն ընդգծում է, որ նախընտրական քարոզարշավի գլխավոր թեման տնտեսությունն է եղել: «Չնայած Հայաստանի տնտեսությունը 2012թ. մոտ 7 տոկոս աճ է արձանագրել, գործազրկությունը, այդուհանդերձ, 16 տոկոս է կազմում, իսկ երկրի բնակչության 30 տոկոսից ավելին աղքատության եզրից անդին է: Պետությունը դժվարանում է հաղթահարել աղքատությունը նաև այն պատճառով, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առևտրային շրջափակման մեջ է գտնվում»,- եզրափակում է հեռուստառադիոկորպորացիան:
«Հայաստանի ԿԸՀ տվյալների համաձայն` Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի կայացած ընտրություններում 36.8 տոկոս ձայն է հավաքել և երկրորդ տեղում է: Նա, սակայն, պնդում է , որ ինքն է իրական հաղթողը և Սարգսյանին, որը, պաշտոնական տվյալների համաձայն, 58.7 տոկոս ձայնով առաջին տեղում է, կոչ է արել ընդունել պարտությունը»,- գրում է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքը:
Լրատվամիջոցը հավելում է, որ Հովհաննիսյանի ճամբարի ներկայացուցիչները քվեարկության օրն ահազանգել են մի շարք ընտրախախտումների մասին. «ինչպես օրինակ թանաքի (անձնագրերում դրված կնիքի) անհետացումը, որը հնավորություն է տվել բազմաթիվ անգամներ ընտրել և այն, որ տաքսիներով ու ավտոբուսներով «իշխանամետ» ընտրողներին ընտրատեղամասեր են տարել»:
«Այդուհանդերձ Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը հերքել է մեքենայությունների մասին մեղադրանքները, ընտրությունները որակել է «լավագույնը» անկախ Հայաստաի պատմության մեջ և ընդգծել, որ էքզիթ փոլի (ընտրտեղամասերի մուտքի մոտ անցկացվող «երկրորդ քվեարկություն», երբ քաղաքացիները սոցհարցում անցկացնող կազմակերպությանը վերահասատում են, թե ում օգտին են քվեարկել) արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Սարգսյանը միակ ֆավորիտն է»,-շարունակում է «Ալ Ջազիրան»:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ ընտրություններում մասնակցությունը 60 տոկոս է կազմել, ինչը «ժողովրդավարական մեծ թեստ էր» նախկին խորհրդային պետության համար:
«Հայաստանի նախագահը հաղթում է վիճահարույց ընտրություներում»,- նախագահական ընտրություններին նման վերտառությամբ հոդվածով է անդրադառնում ֆրանսիական «Ֆրանսպրես» գործակալությունը և հավելում,- Ընտրությունների ելքը կանխատեսելի էր արդեն 2012թ. դեկտեմբերին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի առաջնորդ, բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրապայքարին, իսկ հետխորհրդային Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանն ասաց, թե շատ ծեր է նախագահի պաշտոնի համար:
Գործակալությունն ընդգծում է, որ ընտրությունները մթագնել են ուժեղ ընդդիմության բացակայությունը և անցած ամիս նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված «խորհրդավոր» մահափորձը:
«Իշխանություններն ակնկալում էին անցկացնել խաղաղ ընտրություններ, որոնք կբարելավեին եվրոպական ինտեգրմանն ուղղված երկրի շանսերը»,- ընդգծում է «Ֆրանսպրեսը», ապա մեջբերում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքերը, թե քվեարկությունն ընթացել է մեծ թվով խատումներով: «Էքզիթ փոլի արդյունքներն իրականությունը ցույց չեն տալիս, այլ այն, ինչ իշխանություններ են ուզում»,- գործակալության հետ զրույցում ասել է Խուրշուդյանը:
Ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» պարբերականը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հաղթանակին, գրում է. «Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ներքին գործերի նախարար, 2007թվականին դարձել վարչապետ: Եվրամիության հետ նրա մերձեցման քաղաքականությունն ունի առավելություն այն առումով, որ չի հակազդում Մոսկվայի հետ հարաբերություններին»:
Բրիտանական «Ռոյթերզ» գործակալությունն իր հրապարակման մեջ նշոմ է, որ նախագահական ընտրությունները մթագնել են քվեարկության օրը տեղի ունեցած մեքենայությունների մասին մեղադրանքներն ու ընտրությունների ոչ մրցակցային լինելը:
«Ոստիկանության տվյալներով` քվեարկության ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ առնվազն 70 հաղորդագրություն է ստացվել: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկներից շատերն անվավեր են ճանաչվել, սակայն կուսակցությունը չի նշել, թե վիճարկելու է արդյո՞ք ընտրությունների արդյունքները»,-գրում է գործակալությունը:
«Ռոյթերզ»-ն այնուհետև անդրադառնում է Սերժ Սարգսյանի ելույթներին ու նախընտրական ծրագրին` գրելով, որ Հայաստանի նախագահը խոստացել է ապահովել երկրի կայունությունը և պայմաններ ստեղծել դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսությունը վերականգնելու համար»:
Գործակալությունը միաժամանակ նշում է, թե Սերժ Սարգսյանը քաղաքական մեծ փոփոխությունների համար ծրագրեր չի ուրվագծել, «ցույց չի տվել նշաններ, որ ցանկանում է վերանայել հարաբերությունները հարևանների, հատկապես, Ադրբեջանի հետ, որն օգտագործում է իր տնտեսական ուժն ու դիվանագիտական աղբյուրները` Երևանին մեկուսացնելու համար»:
«Սերժ Սարգսյանը 20 տոկոս առավելությամբ հաղթում է ընտրություններում»,-գրում է ռուսական Vesti.ru կայքը և մեջբերում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի խոսքը, թե փետրվարի 18-ի ընտրություններն անցկացվել են միջազգային նորմերին համապատասխան:
«Մեր գնահատականով` ընտրություններն անցել են ընտրական օրենսդրության նորմերին համապատասխան: Ցանկանում ենք նշել, որ նախորդ` 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ, այս ընտրություններում նշանակալից դրական փոխություններ են գրանցվել»,-ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում ասել է Լեբեդևը` ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները «հաշվի են առել» միջազգային դիտորդների նախորդ դիտարկումները:
Լուսանկարը` Ֆոտոլուրի










