Հայաստանի նոր իրականությունը կամ ինչ սպասել Րաֆֆի Հովհաննիսյանից. Անդրկովկասի հարցերով փորձագետ

18:19 • 19.02.13

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները թույլ են տալիս մի քանի եզրակացություններ անել։ Նման տեսակետ է հայտնել Անդրկովկասի հարցերով փորձագետ Վիկտոր Յակուբյանը։

 

Փորձագետի եզրակացությունները ներկայացնում է «Ռեգնում» գործակալությունը.

 

1. Մեկ ամիս առաջ արված մեր կանխատեսումները, որ նախագահական ընտրությունները լուրջ մրցակցային են լինելու, ամբողջությամբ իրականացան։ Ինչպես և ենթադրվում էր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը դարձավ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

 

2. Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկածների թիվը 37% է։ Ընտրողների 55%-60% -ը քվեարկել է իշխանության համար (ընտրում են պետական ծառայողները, բանակը, իշխող կուսակցության անդամները, բյուջետային աշխատողները, համակարգից կախում ունեցող քաղաքացիները)։

 

3. Մնացած 5 թեկնածուները «տեխնիկական էին»։ Նրանք կարող էին առաջադրված լինել ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության ճամբարից։

 

«Եթե մենք կտրվենք ներքին իրավիճակից, ապա կարող ենք պնդել, որ ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները շահեկանորեն տարբերում են Հայաստանին Ադրբեջանից, որտեղ նախագահական նման մրցավազք դժվար է պատկերացնել»,- նշում է փորձագետը։

 

Եթե Իլհամ Ալիևի վարչակազմն Ադրբեջանում վերընտրվում է ոչ պակաս, քան 90% արդյունքով և որը կարելի է բնութագրել «նավթային միապետություն» տերմինով, Հայաստանում ստեղծվել է մրցակցային քաղաքական մոդելը։

 

Հարցը, որն առավոտից կանգնած է Հայաստանի առջև, հետևյալն է. ինչպե՞ս կօգտվի Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքական կապիտալից՝ ինչպե՞ս նա կօգտագործի կես միլիոնանոց ընդդիմադիր ընտրազանգվածի վստահությունը (ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է մոտ 540.000 մարդ-Tert.am)։

37% արդյունքը Րաֆֆի Հովհաննիսյանի համար նպատակահարմար չէ։ Հաշվի առնելով այն փաստը, որ ոչ վաղ անցյալում նրա քաղաքական հեռանկարը մշուշոտ էր և այս արդյունքը նա գրանցեց միայն շնորհիվ այն բանի, որ ընտրապայքարից հրաժարվեցին «առաջին էշելոնի» ներկայացուցիչներ՝ երկրորդ ամենախոշոր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապացուցելը, որ ինքն ավելի շատ ձայն է հավաքելու, շատ դժվար է լինելու։

 

Րաֆֆի Հովհաննիսյանի համար իրատեսական կլիներ շարունակել ընդդիմադիր ակտիվությունը և պահել ընտրազանգվածը մինչև 2018 թ.-ը։


Մեկ այլ սցենարով՝ ամերիկացիների ճնշման ներքո նրա թեկնածությունը կառաջադրվի Հայաստանի վարչապետի պաշտոնում։


Թե ինչ ճանապարհով կգնա հայ գործիչը, ով ավելի վաղ «Ռեգնում»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր վրա չի վերցնի որևէ հայի արյուն թափելու պատասխանատվությունը, հայտնի կդառնա առաջիկա ժամանակահատվածում։