Լավրովն ու Էշթոնն այսօր քննարկել են իրանական միջուկային խնդիրը և Սիրիայի իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր Բրյուսելում ԵՄ-Ռուսաստան քաղաքական երկխոսության շրջանակներում Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ քննարկել են Սիրիայում, Մալիում, ինչպես նաև իրանական միջուկային խնդրի շուրջ իրավիճակը, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտին:
«Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների իրավիճակը և զարգացման հեռանկարները 4 «ճանապարհային քարտեզների» շրջանակներում` ՌԴ-ԵՄ ընդհանուր հարթակներում, Մոսկվայում այս տարվա մարտին նախատեսվող ՌԴ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի հանդիպման, ինչպես նաև Ռուսաստան - ԵՄ գագաթաժողովի նախապատրաստության համատեքստում:
Հատուկ ուշադրության են արժանացել այնպիսի առաջնահերթ հարցեր, ինչպիսիք են ՌԴ և ԵՄ քաղաքացիների՝ առանց վիզայի ռեժիմի ուղևորությունների անցումը, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև ճգնաժամերի կառավարման ոլորտում համագործակցությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև կարծիքների փոխանակում է տեղի ունեցել մի շարք միջազգային արդիական խնդիրների շուրջ, այդ թվում իրանական միջուկային խնդիրը և Սիրիայի հակամարտությունը:










