«Մենք գնալու ենք միավորման ճանապարհով». Էդուարդ Շարմազանով

16:15 • 19.02.13

Հայաստանի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին անցկացված ընտրությունները ժողովրդավարական է որակում, հերքում է պնդումները, թե դրանք անցկացվել են վախի մթնոլորտում և հիշեցնում նախագահ Սերժ Սարգսյանի այսօր արած հայտարարությունը, որ իրենք գնալու են Հայաստանն ավելի ուժեղացնելու և միավորելու ճանապարհով։


«Հայաստանում այլևս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, և այդ իմաստով սրանք գալիս են ևս մեկ անգամ վերահաստատելու, որ իշխանությունը ունի քաղաքական կամք, և այս ընտրությունները իրենց որակով հավակնում են լինել լավագույնը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Շարմազանովը։


Իսկ այն հարցի կապակցությամբ` տեսնո՞ւմ են արդյոք ապագայում թեկնածուների հետ համագործակցության եզրեր, Էդուարդ Շարմազանովը ասել է. - «Նախ ասեմ, որ հանրապետության նախագահը արդեն հանդես է եկել ուղերձով, որտեղ պարոն նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մրցակիցներին և ասաց, որ իր համար մեծ պատիվ էր մրցակցել Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի հետ։ Եվ նա շատ դա բարձր գնահատեց, շնորհակալություն հայտնեց բոլոր իր մրցակիցներին, մեր հասարակությանը, և մենք գնալու ենք ոչ թե Հայաստանը բաժան-բաժան անելու ճանապարհով, այլ մենք գնալու ենք Հայաստանը ավելի ուժեղացնելու, ավելի հզորացնելու, ավելի հանդուրժողականություն քարոզելու և միավորման ճանապարհով»։