Անդրիաս Ղուկասյանը դադարեցրեց հացադուլը և ասաց, որ ապաքինվելուց հետո կմիանա քաղաքացիական շարժմանը (տեսանյութ)

17:07 • 19.02.13

30 օր հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանն այսօր դադարեցրեց իր հացադուլը, հավաքեց վրանը և գնաց ոչ թե հիվանդանոց, այլ տուն։ Գնալուց առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքն առողջությունը վերականգնելուց հետո կմիանա երիտասարդների կողմից արդեն իսկ ձևավորված քաղաքացիական շարժմանը։


«Դա քաղաքացիական անհնազանդության ամենաճիշտ և ազնիվ քայլն է՝ չենթարկվել իշխանություններին։ Նրանց ես կմիանամ մեկուկես ամսից հետո»,- նշեց նա։


Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ինքը տեղյակ է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից ներկայացվող զեկույցի ընթացքում տեղի ունեցած միջադեպից, երբ որոշ երիտասարդներ բողոքի ակցիայով միջամտել էին և պահանջել չլեգիտիմացնել ընտրությունները, այն բանից հետո, երբ զեկույցում ընտրությունները որակվել են ազատ և առանց լուրջ ընտրախախտումների։

«Բնականոն միջադեպ է, այդպես էլ պետք է լիներ, որովհետև ակնհայտ է, որ նման գնահատականները չեն կարող բավարարել մեր հասարակությանը, մարդիկ պետք է ընդվզեն նրանց գնահատականների դեմ»,- ասաց նա։


Անդրիաս Ղուկասյանն այս պահին չէր կարող ասել, թե ինչպես է իր առողջական վիճակը և դրան ինքը կարող է ծանոթանալ միայն անալիզների պատասխանից հետո։


Հարցին, թե ինչո՞ւ չի գնում հիվանդանոց, պատասխանեց, որ բժիշկները համապատասխան ուղեցույց են տվել՝ ինչպես դուրս գալ հացադուլից, ըստ որի, այն կտևի մեկ ամիս։