Սիրիացի փախստականների թիվը հասել է 850.000-ի.ՄԱԿ

17:30 • 19.02.13

Սիրիացի փախստականների թիվը, ովքեր իրենց տները լքել են Սիրիայում ընդդիմադիր զինյալների և կառավարական զորքերի միջև բախումների հետևանքով, հասել է 850.000-ի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  ներկայացուցիչ Բաբար Բալուշը։
 

«Փետրվարի 17-ի տվյալներով՝ Սիրիայի հարևան երկրներում գրանցվել կամ գրանցման էին սպասում 850.000 սիրիացի փախստականներ»,-ասել է Բալուշը։

 

Ավելի վաղ նա հայտարարել է, որ մի քանի ամիս անց փախստականների թիվը կարող է գերազանցել միլիոնը։

 

Հակամարտության սկզբից ի վեր շուրջ 2.5 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, սակայն մնացել է երկրի տարածքում։

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011թ.-ի մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ բախումների ընթացքում զոհվել է 60.000 մարդ։ Երկրի իշխանությունները հայտարարում են, որ լավ զինված ապստամբներն աջակցություն են ստանում դրսից։