Երևանի մամուլի ակումբը ընտրարշավի ընթացքում հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից ակնհայտ խախտումներ չի արձանագրել

13:23 • 19.02.13

Երևանի մամուլի ակումբը, որը նախագահի ընտրությունների ընթացքում հեռարձակվող ԶԼՄ-ների շրջանում մշտադիտարկում է իրականացրել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով արդյունքները նշեց, որ այս նախագահական ընտրությունների ընթացքում չեն ֆիքսել որևէ ակնհայտ խախտում, իսկ հավասար պայմաններն ապահովված են եղել:


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ մշտադիտարկում իրականացրել են 2012 հոկտեմբերի 1-ից մինչև 2013-ի փետրվարի 16-ը և դրական տեղաշարժեր են նկատել ՝ խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած:


«Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ միայն նախընտրական քարոզարշավի շրջանում էին ապահովվում հավասար հնարավորություններ, ապա այս անգամ դրանք ապահովված էին նաև քարոզարշավին նախորդող շրջանում: Մյուս դրական հանգամանքն այն է, որ եթե խորհրդարանական ընտրություններում նախընտրական շրջանում բավականին շատ էին բարձրաստիճան պաշտոնյաների լուսաբանումները, որոնք նաև թեկնածուներ էին, ապա այս անգամ նման բան չենք արձանագրել: Նախագահը քիչ էր լուսաբանվում՝ որպես նախագահ»,- ասաց նա:


Բորիս Նավասարդյանը վերոնշյալ հանգամանքը միաժամանակ բացատրեց այն փաստով, որ թեկնածուների գրանցումից առաջ երկար ժամանակ քաղաքական անորոշության իրավիճակ էր տիրում Հայաստանում:


«Քանի որ առաջատար քաղաքական ուժերը չէին կողմնորոշվում թեկնածու առաջադրե՞լ, թե՝ ոչ, սատարե՞լ այլ թեկնածուի, թե՝ ոչ, այդ պատճառով ԶԼՄ-ների ուշադրությունը ցրվում էր: 40-ից ավել պոտենցիալ թեկնածուների մասին լուսաբանումներ են եղել: Ժամանակը վատնվում էր, սակայն նրանք չմասնակցեցին ընտրություններին ու նույնիսկ չկողմնորոշեցին իրենց ընտրազանգվածին»,- ասաց նա:


Երևանի մամուլի ակումբի նախագահն ընդգծեց, որ այս ընտրարշավի ընթացքում ծրագրային խորը ուսումնասիրություններ չներկայացվեցին հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից՝ ընտրողներին կողմնորոշելու համար:


«Բանավեճերի պակասն էր շատ: Հայաստանում քաղաքական մշակույթի ձևավորման պակաս կա: Կար մի քանի ՀԿ-ների կոչեր այս ուղղությամբ, առաջարկվում էր ֆորմատ, բայց այդ կոչն էլ որևէ արդյունք չտվեց: Ամեն ինչ հիմնված էր արտաքին կողմի վրա: Սա անիմաստ էր դարձնում ամբողջ արշավը և քարոզչությունը»,- ասաց նա:


Բորիս Նավասարդյանը նաև նշեց, որ միմյանցից չէին տարբերվում վճարովի ու անվճար եթերների բովանդակությունները, հարցազրույցները և քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հարց ու պատասխանների ռեպորտաժները:


Նշենք, որ ծրագիրն իրականացվում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրոպական միության ֆինանսավորման աջակցությամբ: