Լատվիայի իշխանություններին զայրացրել են փետրվարի 23-ի առթիվ զեղչերը

18:36 • 20.02.13

Լատվիայի հաղորդակցության նախարար Այվիս Ռոնիսը վրդովմունք է հայտնել airBaltic ավիաընկերության գովազդի կապակցությամբ, որն առաջարկել է զեղչեր սահմանել Խորհրդային բանակի օրվա՝ փետրվարի 23-ի առթիվ, տեղեկացնում է Взгляд-ը։


Նախարարը կարծում է, որ airBaltic ավիաընկերության մարքեթինգային ռազմավարությունը պետք է համապատասխանի ազգային ավիափոխադրողի կարգավիճակին։

 

«Փետրվարի 23-ի ամսաթիվը բավական ցավոտ է ոչ միայն Լատվիայի, այլև Էստոնիայի և Լիտվայի համար»,-ասել է նա։

 

Ռոնիսը պահանջել է բացատրել, թե ինչու փետրվարի 19-ին ավիաընկերությունը զեղչեր է առաջարկում փետրվարի 23-ի չվերթերի համար, բացատրելով, որ այդ օրն Արևելյան Եվրոպայում նշվում է որպես «տղամարդկանց օր»։

 

Ավիացիայի ոլորտի փորձագետ Տալիս Լինկայտսի կարծիքով՝ airBaltic-ի այդ գովազդը սխալ է եղել, քանի որ դա ցավոտ ամսաթիվ է ոչ միայն Լատվիայում, այլև Էստոնիայում և Լիտվայում։


Նա խոստովանել է, որ ավիաընկերությունն արագ է արձագանքել, և արդեն երեկ, մեկ ժամվա ընթացքում անգլերեն և լատվիերեն գովազդները հանվել են։