Ղազախստանում փորձել են պայթեցնել «Ալլահ» գրությամբ օղի արտադրած գործարանի շենքը

15:12 • 20.02.13

Ղազախստանում երեք երիտասարդներ ազատազրկման են դատապարտվել`  Աթոբե քաղաքի օղու արտադրության գործարանը պայթեցնելու ծրագիր մշակելու համար:


Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, դատավարությունն անցկացվել է դռնփակ. 17-ամյա Սալամաթ Ախետովը,18-ամյա Արսլան Ժակաևը և 18-ամյա Մուրսուլթան Թենիզբաևը մեղավոր են ճանաչվել` ահաբեկչություն քարոզելու և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեղադրանքով:

 

 

Ախետովը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ Թենիզբաևը և ժակաևը` 5-ական տարվա ազատազրկման:

 

Գլխավոր վկան եղել է  24-ամյա Ասխատ Սաքենովը: Հետաքննության տվյալներով`  Սաքենովը տղաների հետ ծանոթացել է մզկիթում, որտեղ երիտասարդները նրան  պատմել  ու մանրամասն ներկայացրել են գործարանը պայթեցնելու ծրագիրը:
 

Դատապարտյալներն իրենց մեղքը չեն ընդունում: Ղազախական ԶԼՄ-ները, սակայն, հաղորդում են, որ դատավարության ժամանակ մեղադրող կողմը ներկայացրել է դատապարտյալների և վկայի խոսակցություններից մեկի ձայնագրություն, որն ապացուցում է, որ ազատազրկվածները ծրագրել են պայթեցնել գործարանը: 



Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` երիտասարդներին  նման քայլի «դրդել են» գործարանի՝ 2012թ. արտադրության օղիները, որոնց վրա գրված է եղել «Ալլահ» բառը (թարգմանաբար` Աստված):

 

Օղիների հետ կապված սկանդալը հասունացել էր 2012թ. ապրիլին, Ղազախստանի քաղաքացիները հայտնաբերել էին, որ.  վերոնշյալ գործարանի «Բայտերեկ» ապրանքանիշի օղու շշի կափարիչի վրա գրված է  «Ալլահ» բառը:

 

Գրությունն առաջինը նկատել էր Աթոբեի մի բնակիչ, որն անմիջապես շիշը տարել էր մզկիթ` իր վրդովմունքը հայտնելու հոգևոր առաջնորդին: Սկանդալային օղու «համբավը» տարածվել էր ողջ  երկրում:

 

Օղի արտադրող ընկերությունը դեռ ապրիլին  ներողություն էր խնդրել Ղազախստանի բոլոր մուսուլմաններից` ասելով, որ «սխալմունք է» եղել:  Ընկերության ներկայացուցչի խոսքով` ապրանքանիշի դիզայնը մշակել են այլ կազմակերպության աշխատակիցներ, որոնք շփոթել ու օղու կափարիչի վրա պատկերել են «Ալլահ» բառը` այլ նշանի փոխարեն: