ՌԴ-ն և Արաբական լիգան կօգնեն ուղիղ շփում հաստատել Սիրիայի ընդդիմության և իշխանության միջև. Լավրով

14:40 • 20.02.13

Ռուսաստանը և Արաբական երկրների լիգան օժանդակելու են Սիրիայի ընդդիմության և իշխանության միջև ուղիղ հարաբերությունների ստեղծմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Մենք այսօր պայմանավորվել ենք օգտագործել ՌԴ-ի և ԱԵԼ-ի հնարավորությունները՝ Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև ուղիղ շփում հաստատելու նպատակով»,-ասել է նա։

 

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը դեռևս նախապայմաններ են առաջարկում։

 

«Մեր կարծիքով, սակայն, կա կարևորը՝ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը։ Մնացած հարցերը դիվանագիտական արվեստի գործն են և լիովին համապատասխանում են որոշմանը»,-ասել է նա։

 

Սիրիայում հակամարտությունը զինյալ ընդդիմության և կառավարական զորքերի միջև չի դադարում 2011թ.-ի մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում երկրում զոհվել է 70 հազար մարդ։