Ամերիկյան տուրիստական ընկերությունը «Ճգնաժամը Հունաստանում» էքսկուրսիա է անցկացնում Աթենքում

18:22 • 20.02.13

Հունաստանի տնտեսական ճգնաժամը «վերածվում» է տուրիստական տեսարժան վայրի. հայտնի ամերիկյան Context Travel տուրիստական բյուրոն սկսել է գովազդել 3-ժամյա էքսկուրսիա Աթենքում՝ «Ճգնաժամ Հունաստանում» անվանումով, հայտնում է РИА Новости-ն։

 
«Ճանապարհորդություն դեպի ճգնաժամը» 10 եվրոյով ավելի էժան կլինի, քան ավանդական էքսկուրսիան Աթենքում։

 

Այն կարժենա 70 եվրո մեկ մարդու համար, կամ 305 եվրո 5 հոգուց բաղկացած խմբի համար։ «Վերջին տարիների ամենամեծ տնտեսական աղետներից մեկի» իրական պատճառները և հետևանքները հասկանալ կօգնի տնտեսագետը և մի շարք մասնավոր ընկերությունների ֆինանսական խորհրդատուն։

 

«Տնտեսագետների ընկերակցությամբ 3-ժամյա զբոսանքի ընթացքում մենք կբացահայտենք Հունաստանի ֆինանսական ճգնաժամի բարդությունները։ Մենք կսկսենք Աթենքի կենտրոնում և ճգնաժամի էպիկենտրոնում՝ հունական խորհրդարանի շենքի առջև գտնվող Սինտագմա հրապարակում։ Այստեղ մենք պատկերացում կստանանք Հունաստանի քաղաքական իրավիճակի մասին, թե ինչպես է հունական կառավարությունը լուծել ֆինանսական ճգնաժամի խնդիրները՝ սկսած 2009թ.-ից։ Մենք կքննարկենք մարդկանց առօրյա կյանքի վրա ճգնաժամի ունեցած հետևանքները»,- ասվում է գովազդում։

 

Էքսկուրսիան կավարտվի հունական գինու համտեսով։

 

Ֆինանսական ոլորտի մասնագետների համար բյուրոն պատրաստ է առանձին էքսկուրսիաներ կազմակերպել։