Բեռլուսկոնիի անսպասելի հայտարարությունից հետո եվրոյի փոխարժեքն ընկել է
Եվրոյի վերաբերյալ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անսպասելի հայտարարությունից հետո այդ արժույթի փոխարժեքն անկում է գրանցել, հայտնում է Euromag-ը։
Բեռլուսկոնին մասնավորապես ասել է, որ եվրոն թույլ արժույթ է, և որոշ երկրներ կարող են լքել եվրոգոտին այն դեպքում, եթե Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) չստանձնի ֆինանսական կարգավորչի դերը։
«Եվրոն իրենից բավական թույլ արժույթ է ներկայացնում, քանի որ Եվրոպական կենտրոնական բանկը չի աջակցում դրան։ Ուստի, զարմանալի չի լինի, որ մի շարք երկրներ լքեն եվրոգոտին և վերադառնան իրենց ազգային արժույթին, եթե ԵԿԲ-ն շարունակի հրաժարվել պետական պարտատոմսերը երաշխավորելուց և փող տպելու պատրաստակամությունից»,-ասել է Բեռլուսկոնին։
76-ամյա քաղաքական գործիչն ակտիվորեն մասնակցում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ՝ հասկացնելով, որ հարկ եղած դեպքում կարող է 5-րդ անգամ գլխավորել կառավարությունը։










