Լոնդոնը չկարողացավ Եվրոպային համոզել, որ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարվի. The Independent
Անհաջողությամբ է ավարտվել Սիրիային զենք մատակարարելու համար Եվրոպական Միության աջակցությունը ստանալու Մեծ Բրիտանիայի փորձը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Դամասկոսին, հաղորդում է The Independent պարբերականը:
Ի լրումն՝ Մոսկվան պնդում է, որ ՄԱԿ-ը Սիրիայի նկատմամբ էմբարգո չի սահմանել, և ՌԴ-ն պարզապես իր նախկինում կնքված պայմանագրերի պարտավորություններն է իրականացնում, գրում է հոդվածի հեղինակը:
Սակայն, արևմտյան երկրների ներկայացուցիչների խոսքերով, Ռուսաստանը, բացի պաշտպանական համակարգերից, կարող է շուտով սկսել նաև Як-130 ռեակտիվ օդանավերի մատակարարում: Եվ չնայած խոսք է գնում միայն ուսումնա-մարտական օդանավերի մասին, սակայն դրանք կարող են համալրվել հրթիռներով, որոնցով հնարավոր է ցամաքային թիրախներ խոցել:
Ընդամենը նախատեսվում է 36 օդանավ մատակարարել` 55 մլն ԱՄՆ դոլար գումարի դիմաց, նշում է պարբերականը:
Լրագրողի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի՝ սիրիական ապստամբներին զենք մատակարարելու փորձը տապալվեց, քանի որ երկիրը չկարողացավ մնացած հիմնական եվրոպական տերություններին համոզել: Գերմանիան և սկանդինավյան պետություններն ի սկզբանե այդ գաղափարին դեմ էին: Ֆրանսիան նույնպես սառը վերաբերվեց նման նախաձեռնությանը, և դրա պատճառը պարզ է. Փարիզը վերջերս բացահայտեց, որ Մալիում ապստամբներն օգտագործում են այն զենքը, որն Արևմուտքը մատակարարում էր լիբիական ընդդիմությանը:
Սակայն, The Independent-ը հոդվածի վերջում նշվում է, որ սիրիական իրավիճակում, այնուամենայնիվ դրական տեղաշարժեր են գրանցվել. Ասադի վարչակարգի ներկայացուցիչը և Ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարը հայտարարել են հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ուղիղ բանակցություններ վարելու մտադրության մասին:










