Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել՝ բողոքի ակցիաների արդյունքում
Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել՝ էլեկտրաէներգիայի և ջեռուցման սակագները բարձրացնելու դեմ զանգվածային բողոքի ակցիաներից հետո, հայտնում է Вести-ն։
«Ես կառավարության հրաժարական տալու դիմում եմ ներկայացնում։ Ես չեմ ցանկանում լինել այն իշխանության մի մասնիկը, որի օրոք ոստիկանները մարդկանց են ծեծում»,- խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Բոյկո Բորիսովը։
Երկուշաբթի բնակչության զանգվածային բողոքի ակցիայից հետո հրաժարական է տվել Բուլղարիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սիմեոն Դյանկովը։ Այդպիսով, վարչապետը փորձել է հանգստացենլ քաղաքացիներին՝ խոստանալով նաև իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն դա չի ցրել ցուցարարների դժգոհությունը։
Հունվարին էլեկտրաէներգիայի սակագներն ավելացել են մոտավորապես 120%-ով։ Բուլղարիան համարվում է Եվրոպական միության ամենաաղքատ երկրներից մեկը։ Երկրում նվազագույն աշխատավարձը մոտավորապես 130 եվրո է, իսկ միջին կենսաթոշակը՝ 138 եվրո։
Ցուցարարների և ոստիկանության միջև բախումները տեղի են ունեցել փետրվարի 19-ի երեկոյան, Սոֆիայում։ 25 մարդ հոսպիտալացվել է։










