Մեծ Բրիտանիայի վարչապետը հետ է կանգնել 1919-ին հնդիկների կոտորածի համար ներողություն խնդրելու մտադրությունից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, պետք է դառնար առաջին բրիտանացի քաղաքական գործիչը, ով ներողություն կխնդրեր 1919-ի Ամրիսթարի ջարդի համար, երբ 379 անմեղ հնդիկներ էին սպանվել բրիտանացի գաղութարարների կողմից:
Մասնավորապես, The Sun-ը գրել էր, որ «Քեմն իր զղջումն է հայտնելու ամոթալի կոտորածի համար»: Սակայն The Guardian-ը հայտնում է, որ եռօրյա այցով Հնդկաստանում գտնվող վարչապետ Քեմերոնը որոշել է զերծ մնալ Բրիտանիայի կողմից «պաշտոնական ներողություն հայտնելուց»:
Անմեղ զոհերի հարազատների հիասթափությանն ի պատասխան նա ասել է, թե սխալ կլիներ «պատմության մեջ հետ գնալ» և ներողություն խնդրել բրիտանական գաղութարարության համար:
Սակայն Քեմերոնը դարձել է առաջին բրիտանացի վարչապետը, ով այցելել է ողբերգության վայր ու ծաղկեպսակ դրել հուշակոթողին:
Հենց Ամրիսթարի ջարդից հետո էր ձևավորվել Մահաթմա Գանդիի առանց բռնության դիմադրության շարժումը, որը տասնամյակներ անց՝ 1947-ին, հանգեցրել էր Բրիտանիայի գաղութ Հնդկաստանի անկախացմանը:










