Հունաստանի կառավարությունը դատարանի միջոցով ստիպել է ԶԼՄ-ներին լուսաբանել Օլանդի այցը
Հունաստանում անցկացվում է այս տարվա առաջին 24-ժամյա համընդհանուր գործադուլը կառավարության կողմից ընդունվող խնայողության միջոցառումների դեմ, հայտնում է Обозреватель-ը։
Մինչդեռ ԶԼՄ-ների աշխատակիցները գործադուլ են անցկացնում արդեն մի քանի շաբաթ։ Կառավարությունը նույնիսկ ստիպված է եղել դատարան դիմել՝ պետական հեռուստաընկերությանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը լուսաբանել ստիպելու համար։
Երկրում փակ են հիմնարկները, բանկերը, փոստային բաժանմունքները, որոշ խանութներ։ Հիվանդանոցներում աշխատում են միայն հերթապահ բժիշկները։ Գործադուլին միացել են դպրոցներն ու համալսարանները, դադարել են աշխատել դատարանները։
Աթենքի միջազգային օդանավակայանը չեղյալ է համարել 17 թռիչք՝ ավիաընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով։ Հասարակական տրանսպորտն աշխատում է ընդհատումներով, միայն մետրոն է աշխատում սովորական ռեժիմով։










