Նախախորհրդարանը ինքնակազմակերպման հավաքից հետո կմիանա Ազատության հրապարակի պայքարին. Գարեգին Չուքասզյան

19:11 • 20.02.13

Մաշտոցի պուրակում Նախախորհրդարանն այսօր հրավիրել էր նոր որակի պետություն ստեղծելու նպատակով ինքնակազմակերպման հավաք։ Այստեղ էին Նախախորհրդարանի քաղխորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Հրանուշ Խառատյանը և այլոք։


Հավաքվածների առջև Գարեգին Չուքասզյանը ելույթ ունենալով՝ նշեց, որ իրենց անդամների մի մասը Ազատության հրապարկում է, որտեղ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է անցկացնում:


«Մենք այս հավաքը որոշեցինք չհետաձգել, որովհետև նախապես հայտարարել էինք դրա մասին»,- ասաց նա և նշեց, որ որևէ հակասություն չկա Նախախորհրդարանի ու Ազատության հրապարակի հավաքի միջև։ Նա տեղեկացրեց, որ իրենք նույնպես հավաքից հետո կմիանան Ազատության հրապարակում հավաքվածներին։


Գարեգին Չուքասզյանը նշեց, որ ողջունում են Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ կուսակցությունների դրոշները պետք է իջեցնել։ «Մենք կանգնած են ազգային ազատագրման պայքարի երկրորդ փուլի առաջ, պատրաստ ենք միանալ նոր որակի պետության ստեղծման գործընթացին»,- նշեց նա։


Ի դեպ նշենք, որ հավաքին զուգահեռ անց էր կացվում Նախախորհրդարանի համակիրների ստորագրահավաք։