Րաֆֆի Հովհաննիսյանը մի փոքր ցնծության մեջ է. Հովհաննես Սահակյան

21:30 • 20.02.13

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում շնորհավորելով հայ ժողովրդին տեղի ունեցած իր իսկ խոսքերով՝ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ, կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին հետընտրական պրոցեսները օրենքի սահմաններում և օրենքի տառին համապատասխան անցկացնելու համար:


«Ընտրական պրոցեսի երեք փուլերն էլ օրինականության սահմաններում են անցել: Այսօր կոչ ենք անում, որ հետընտրական պրոցեսները ևս անցնեն բացառապես օրենքի տառին համապատասխան, որպեսզի մենք ունենանք լիարժեք ընտրական պրոցես»,- ասաց նա:


ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի փոքր ցնծության մեջ է, սակայն հիշեցրեց, որ մոտ 8 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին նրա ղեկավարած կուսակցությունը հավաքել էր ընդամենը 6% ձայն:


«Հազիվ հաղթահարեց 5%-ի շեմը, իսկ այսօր, այս կամ այն հանգամանքների բերումով ունենալով 37% ձայն, իհարկե, իր մոտ ցնծություն, գլխապտույտ է առաջացել և այլ դրսևորումներ էլ կարող է առաջանալ: Բայց չեմ կարծում, որ արկածախնդրությունը Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարին համահունչ է, և ես հույս ունեմ, որ նա իր մեջ կգտնի այդ քաղաքական կամքը և, համեմատելով ձայների տարբերությունը գործող նախագահի հետ, քաղաքական կամք կունենա ու կշնորհավորի հաղթող կողմին»,- ասաց նա և ավելացրեց, որ հակառակ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կկորցնի այն ռեսուրսը, որն ունի այսօր:


Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Սերժ Սարգսյանը իր կողմից նախապես հայտարարած հանրահավաքը, որը պետք է տեղի ունենա հունվարի 21-ին Ազատութան հրապարակում, հետաձգի, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը և իր թիմակիցները գիշերելու են նույն վայրում, կեսօրից իրենց դիմավորելու համար, նա պատասխանեց. «Հանրահավաքի հետ կապված որևէ տեղեկատվություն չունեմ, բայց ինչպես արդեն հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, Սերժ Սարգսյանը պատրաստ է նստել ու խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, առավել ևս, որ շատ հարցեր կա քննարկելու, այդ ժամանակ շատ հարցերի պատասխան կտրվի»,- ասաց նա: