Լրագրողները մեղադրել են Օբամայի վարչակարգին ոչ բավարար թափանցիկություն ապահովելու համար
Ամերիկացի լրագրողները քննադատել են Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի աշխատանքն այն բանի համար, որ լրագրողներին թույլ չի տրվում մասնակցել նախագահ Բարաք Օբամայի որոշ միջոցառումների, հնարավորություն չի տրվում նաև հարցեր ուղղելու, հայտնում է Взгляд-ը։
Անցած կիրակի Օբաման գոլֆ է խաղացել այս մարզաձևի աստղ Թայգեր Վուդսի հետ։ Սակայն ոչ լրագրողներին, ոչ էլ լուսանկարիչներին թույլ չի տրվել ներկա գտնվել միջոցառմանը, ինչը շատ է զայրացրել լրագրողներին։
«Այս ուրբաթ նախագահը հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետի հետ։ Այժմ Ճապոնիայի տնտեսությունում շատ բան է կատարվում, որն ակնհայտ կերպով կանդրադառնա միջազգային իրավիճակի վրա։ Երբ նախագահը հանդիպի վարչապետի հետ, լրագրողներին հնարավորություն կընձեռե՞ն հարցեր ուղղել նախագահին»,- հարցրել է մի լրագրող։
Քարնին պատասխանել է, որ լավ է հասկանում լրագրողների վրդովմունքը, քանի որ ինքն էլ տարիներ շարունակ լուսաբանել է Սպիտակ տան գործունեությունը։
Նա խոստացել է անել հնարավորը, որպեսզի լրագրողներն առավելագույն հասանելիություն ունենան երկրի ղեկավարին։










