Մեր հաղթանակը լինելու է Հայաստանի համար. Արմեն Մարտիրոսյան
Ազատություն հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրված հանրահավաքում նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթն սկսեց «Հա–յաս–տան» վանկարկելով և ասաց, որ իրենց հաղթանակը լինելու է Հայաստանի համար:
«Ուրիշ ոչինչ չունեմ, որովհետև մեր պայքարը, հաղթանակը լինելու է ու Հայաստանի, և ոչ թե ինչ-որ մեկի համար, մենք միասին ենք այդ հաղթանակը կերտելու»,- դիմելով հավաքվածներին` ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, պետք չէ ապացուցել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ է, քանի որ քվեաթերթիկները, որ նետել են արկղի մեջ, ուժ ունեն, և այդ ուժը տրվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Մենք ունենք նախագահ և նա Րաֆֆի Հովհաննիսյանն է: Մենք չենք գնալու որևէ մեկի դեմ, մենք ունենք մեր մտքում, մեր սրտում ընդունված անուններ, բայց մենք ունենք մեկ անուն, որի համար պատարստ ենք նույնիսկ կյանք տալ և այդ անունն է Հայաստան»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Որպես բանակի նախկին շարքային զինծառայող, Արմեն Մարտիրոսյանը խնդրեց և պահանջեց բոլոր ուժային կառույցներին հիշել, որ որքան էլ հրամաններ լինեն, դրանք բխում են մեկ սկզբունքից`ծառայել ժողովրդին և ապահովել պետության անվտանգությունը:
«Ժողովուրդը քվեարկել է, որ լինելու է պայծառ ապագայով Հայաստան, և դուք շարքայինից մինչև գեներալ պարտավոր եք այնպես անել, որ այն իրականա: Որևէ մեկը չհամարձակվի իր լիազորությունների սահմաններից դուրս գա: Բոլորը միասին պետք է կատարեն ժողովրդի պահանջները` որպես իշխանության ձևավորման միակ աղբյուրի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ետ կանգնող չէ։










