Իսպանացին դարձել է ձեռքեր չունեցող առաջին եվրոպացի վարորդը
Այս շաբաթ Ford և DKV ընկերություններն առաջին անգամ մեքենա վարելու իրավունք են տվել ձեռքեր չունեցող մարդու։ Ինչպես հայտնում է Euromag-ը՝ հղում կատարելով La Vanguardia-ին, թույլտվությունը տրվել է իսպանացի Դավիդ Ռիվասին, ով էլ ճանաչվել է ձեռքեր չունեցող առաջին եվրոպացի վարորդը։
Դավիդն անկեղծորեն նշել է, որ իր երազանքն իրականություն է դարձել, քանի որ ինքը կարողացել է մյուսներին ապացուցել, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է։
«Դավիդը դեռ մանուկ հասակից երազել է մեքենայի մասին։ Մի օր նա եկավ մեզ մոտ և ասաց, որ համացանցում մի տեղեկություն է գտել, ըստ որի՝ Գերմանիայում գոյություն ունի հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա իրեն մեքենա վարել»,-պատմել է DKV-ի տնօրենը։
Վարորդական իրավունք ստանալու համար Դավիդը ստիպված է եղել Բասկերի երկիր մեկնել, քանի որ այնտեղ է գտնվում միակ ավտոդպրոցը, որը վարել է սովորեցնում սահմանափակ կարողություններով մարդկանց։
«Չորս մեխանիզմներից բաղկացած համակարգը հնարավորություն կտա Դավիդին մեքենա վարել բացառապես ոտքերի օգնությամբ»,-ասել է Ford España-ի տնօրեն Խոսե Մանուել Մաչադոն։










