Տեխասում հայերը փորձել են 160 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ մսի բեռ գողանալ

10:33 • 21.02.13

ԱՄՆ Տեխասի նահանգի Ամառիլո քաղաքում հայեր են ձերբակալվել:

 

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Amarillo.com կայքը, 55-ամյա Ռուբեն Աշիկյանը, 31-ամյա Լևոն Աշիկյանը և 55-ամյա Գրիգոր Դարմանջյանը մեղադրվում են դավադրություն կազմակերպելու մեջ: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով` հայերը պատրաստվել են 160 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ մսի բեռ գողանալ Tyson Fresh Meats գործարանից (Ամառիլո) ու այն Կալիֆոռնիայի նահանգ տեղափոխել:

 

 

Կայքի հաղորդմամբ` Ռուբեն Աշիկյանը, Լևոն Աշիկյանը և Գրիգոր Դարմանջյանը ձերբակալվել են` 2011թ-ից Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից անցկացվող հետաքննության շրջանակում: 2011թ. Բյուրոն քննչական գործողություններ էր սկսել, երբ տեղեկություն էր ստացվել, որ ինչ-որ բեռնափոխադրող ընկերություն 82 հազ. դոլար ընդնահուր արժողությամբ միս է գողացել Tyson Fresh Meats գործարանից (բեռը դուրս էր եկել Ամառլիոյից և պետք է Չիկագո հասներ, սակայն «կորել էր»):

 

 

Հայերը Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում հայտնվել էին անցած շաբաթ, երբ տեղեկություն էր ստացվել, որ Միչիգանի բեռնափոխադրող ընկերությունը պատրաստվում է 160 հազ, դոլարի մսի բեռ տեղափոխել Ամառիլոյից Կալիֆոռնիա: Բյուրոյի գործակալները պարզել էին, որ տվյալ ընկերությունը մսի բեռնափոխադրմամբ չի զբաղվում, քանի որ չունի սառցարաններ:

 

 

Բյուրոյի աշխատակիցներին դա կասկածելի էր թվացել: Ավելի ուշ նրանք պարզել էին, որ բեռներն Ամառիլոյից Կալիֆոռնիա էին պատրաստվում ապօրինի տեղափոխել Աշիկյաններն ու Դարմանջյանը:

 

 

Աշիկյաններն ու Դարմաջյանը ձերբակալվել են հենց Tyson Fresh Meats գործարանում (նրանք գործարանի աշխատողներ են եղել, թե ոչ, չի հաղորդվում):

 

 

Ձերբակալման ժամանակ Ռուբեն Աշիկյանի մոտ կեղծ վարորդական իրավունք է հայտնաբերվել, առգրավվել է «Վոլվո» մակնիշի տրակտոր և մեկ սառցարան: