Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին կոչ է անում անհապաղ բանակցել

08:54 • 21.02.13

ՀՀ նախագահի արդեն նախկին թեկնածու, փետրվարի 18-ի քվեարկությանը 2.15% ձայն ստացած Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է արել նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, վերընտրված Սերժ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են և հաղթել է հենց ինքը, ոչ թե Սերժ Սարգսյանը։


«Հերթական
անգամ մենք ունեցանք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։ Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի և սահմանադրական պահանջ է։ Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։


Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր.Հովհաննիսյանին ու Ս.Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի։ Իմ այս կոչը ոչ-ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից՝ պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ՝ նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա, և այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»,– ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց, որի ժամանակ հայտարարեց, որ գիշերելու է հրապարակում և հենց այնտեղ սպասելու է Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս գա և Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ իշխանությունը հանձնի ժողովրդին։


Փետրվարի 18-ին կայացած քվեարկության արդյունքում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների, Սերժ Սարգսյանն ստացել է 861.160 ձայն կամ 58.64%, իսկ Րաֆֆի
Հովհաննիսյանը՝ 539.672 ձայն կամ 36.75%։