Պապական գահի թեկնածուներից մեկին հարցաքննել են սեռական ոտնձգությունների գործով
ԱՄՆ-ում կաթոլիկ քահանաների կողմից իրականացված սեռական ոտնձգությունների գործով հարցաքննվել է Նյու Յորքի արքեպիսկոպոս Թիմաթի Դոլանը, ով Պապական գահի թեկնածուներից է, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։
Ըստ The New York Times-ի տվյալների՝ Դոլանը ցուցմունքներ է տվել 2002-2009թթ. ընթացքում Միլուոկի արքեպիսկոպոսությունում կաթոլիկ հոգևորականների կողմից տղա երեխաների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ։
Շուրջ 500 տուժածների շահերը պաշտպանողներին մասնավորապես հետաքրքրել է այն հարցը, թե երբ է կարդինալն իմացել իր թեմում կատարվող հանցագործությունների մասին և երբ է տեղյակ պահել իրավապահներին։
Միլուոկի արքեպիսկոպոսության շուրջ սկանդալը ծագեց 2010թ., երբ պարզվեց, որ դրա հանգուցյալ հոգևորականներից մեկը՝ Լուորենս Մերֆին, 1950-70-ական թվականների ընթացքում 200 խուլուհամր տղա երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել։ Մանկապիղծն իր պատիժը չի կրել, քանի որ ենթադրվում է, որ կաթոլիկ եկեղեցին թաքցրել է այս հանցագործության մասին տեղեկությունը։
2011թ. Միլուոկին սնանկ է ճանաչվել։ Ըստ վերջին տվյալների՝ մանկապիղծ հոգևորականների գործողությունների հետևանքով այն 9 մլն դոլար է վճարել տուժածներին։










