Ինչ է սպասվում այսօր ժամը 14-ին Ազատության հրապարակում

12:58 • 21.02.13

Այսօր Ազատության հրապարակում ժամը 13-ին նշանակված է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, իսկ ժամը 14-ին՝ իշխող Հանրապետական կուսակցության հանրահավաքը. «Ժառանգությունը» դեռևս ընտրություններից առաջ Երևանի քաղաքապետարանին դիմել էր փետրվարի 21-ին Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու հայտով:


«Այո՛, բայց երեկ հանրահավաքի մասնակիցները որոշեցին, որ պետք է հավաքվենք Ազատության հրապարակում՝ ժամը 13-ին», - Tert.am-ին հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորված անձ, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:


Հիշեցնենք, որ երեկ ՐաՖՖի Հովհաննիսյանը հայտարարել էր , որ գիշերը լինելու է Ազատության հրապարակում և սպասելու է Սերժ Սարգսյանին, ով այսօր նույն վայրում պետք է նշի իր հաղթանակը: «Մենք պետք է վաղը իրենց դիմավորենք, մենք այստեղից չենք հեռանալու մինչև հաղթանակ»,- հայտարարել էր «Ժառանգության» առաջնորդը:
 


Ի պատասխան հարցի, թե փաստորեն Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքն արտոնված չէ՞, Արմեն Մարտիրոսյանն ասաց . «Չարտոնված լինելու որևէ խնդիր չկա, մենք հրատապ իրականացնում ենք՝ խաղաղ, առանց բռնության հանրահավաքներ անցկացնելու սահմանադրական մեր իրավունքը»:


Քանի որ Հանրապետական կուսակցությունից առ այս պահը չեն պատասխանել՝ ՀՀԿ-ն գնալու՞ է Ազատության հրապարակ՝ անցկացնելու նախապես հայտարարված հաղթանակի հանրահավաքը, ապա ինտրիգը, թե կհանդիպե՞ն Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանն ու իր քաղաքական թիմը և Րաֆֆի Հովհաննիսյանն ու ժողովուրդը, մնում է բաց:


Նշենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ այս մասին հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ։