Հարուցվել է քրեական գործ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ
Panorama.am կայքում 20.20. 2013–ին հրապարակված «Խուրշուդյանը ՊՆ-ի համար հրապարակում է զինվորին ուղղորդելու տեղամասը» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ, այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։
Մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Panorama.am կայքին 20.02.13թ. տրամադրել է լուսանկար և հրապարակել տեղեկատվություն, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում տեղակայված թիվ 29/13 ընտրական տեղամասում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ գրանցվել է զինվորին ուղղորդելու դեպք:
«Ուսումնասիրելով կայքում տեղադրված ընտրատեղամասում կատարված լուսանկարը և տեղեկատվությունը, հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ թիվ N զորամասի զինծառայողի կողմից խախտվել է քվեարկության գաղտնիությունը:
Նկատի ունենալով, որ համացանցում տեղադրված տեղեկություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»,– ասվում է Գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրությունում։










