Իրանը սկսել է ուրանի հարստացման համար նախատեսված ժամանակակից ցենտրիֆուգների զանգվածային մոնտաժը
Իրանը Նաթանզի միջուկային կայանում սկսել է ուրանի հարստացման համար նախատեսված առավել ժամանակակից գազային ցենտրիֆուգների զանգվածային մոնտաժի աշխատանքները, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 3 փորձագետի։
Նրանց վստահեցմամբ՝ ժամանակակից ցենտրիֆուգների տեղադրման գործընթացն ընթանում է ամբողջ թափով։ Մի քանի օր առաջ Նաթանզ այցելած փորձագետները տեսել են, որ այնտեղ արդեն տեղադրված է 100 կամ դրան մոտ Այ-ար-2էմ մոդելի ցենտրիֆուգ, որոնք հնարավորություն կտան 3-5 անգամ արագացնել ուրանի հարստացման գործընթացը։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Թեհրանը Ֆորդու կայանում նորից սկսել է ուրանը վերածել վառելիքային սկավառակների։ Այդ աշխատանքները դադարեցվել էին անցած տարի, սակայն դրա վերսկսումը շատ անհանգստացնող է միջազգային հանրության համար։
Իրանի և «միջնորդ վեցյակի» բանակցային նոր փուլը տեղի կունենա փետրվարի 26-ին, Ալմաթիում, սակայն վերլուծաբանները գտնում են, որ դեպքերի նման զարգացման դեպքում կողմերին դժվար կլինի համաձայնության գալ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ։










