Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խուսափում են պատերազմից. Thestar.com

14:35 • 21.02.13

Կանադացի լրագրող, միջազգային հարաբերությունների մասնագետ Օլիվյա Վորդը «Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շրջանցում են պատերազմը» վերտառությամբ հոդված է հրապարկել կանադական Thestar.com կայքում:

 

 

Ղարաբաղյան հակամարտության պատմությանը, դրա շուրջ զարգացումներին նվիրված հրապարակումը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

 

 

«1990-ականներին, Խորհրդային միության փլուզումից հետո սկսված զարգացումները շարունակում էին ցնցել Հարավային Կովկասի անհանգիստ տարածաշրջանը: Վրաստանում երկու պատերազմ տեղի ունեցավ (նկատի ունի վրաց-աբխազական (1992-1993թթ.) և վրաց-օսական (1991-1992թթ.) պատերազմները-Tert.am), Ռուսաստանը պայքարում էր չեչեն ամպստամբների դեմ (1994-1996թթ.-Tert.am): Ինչպես նաև վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածքի համար  Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց:

 

 

21-րդ դարում այդ երեքից երկուսը` Վրաստանը (2008թ. ռուս-վրացական պատերազմ-Tert.am) և Չեչնիան (1999- 2009թթ. ռուս-չեչենական 2-րդ պատերազմ-Tert.am) կրկին «վերադարձան» պատերազմի:

 

 

Այս տարի նշվում է 1988թ.(Լեռնային Ղարաբաղում) տեղի ունեցած հանրաքվեի 25-ամյա տարեդարձը, հանարքվե, որը դրեց առ այսօր չլուծված էթնիկ հակամարտության հիմքը: 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այդ փոքր շրջանի հարցերով աջատար մի փորձագետ նշեց, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ «հաջորդը»:

 

 

«Պատարազմի վերսկսման հավանականությունը կարող է համեմատաբար փոքր թվալ,- ասում է «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը,-սակայն միակ բանը, որ կանգնեցնում է պատերազմը, դա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների «անձնական հաշվարկներն են»»:

 

 

Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ կողք կողքի ապրել են մուսուլման ադրբեջանցիներն ու քրիստոնյա հայերը: Սակայն, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, նորաստեղծ Խորհրդային Միությունը Ադրբեջանի տարածքում ձևավորեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: 1988թ. Ղարաբաղի խորհրդային խորհրդարանը քվեարկեց Հայաստանին միանալու օգտին` դնելով միջէթնիկ հակամարտության սկիզբը:

 


Հակամարտությունը, որ ավարտվեց էթնիկ հայերի հաղթանակով, 30 հազ. մարդու կյանք խլեց: Լեռնային Ղարաբաղը հռչակվեց անկախ, բայց չճանաչված Հանրապետություն....:

 


1994թ. ի վեր (կողմերի միջև զինադադար կնքումից) մոտ 160 հազ բնակչություն ունեցող փոքր տարածքը, որը Կանադայի Նոր Շոտլանդիայի նահանգի տարածքի 1/5-րդն է, դարձավ «սառեցված հակամարտություն» գոտի` չնայած խաղաղ բանակցությունների գործընթացին:

 


Ինչպես նկատում է Թոմ դե Վաալը, Ադրբեջանը տարիների ընթացքում տարածաշրջանում վերածվել է նավթի գերտերության, սակայն առանց ժողովրդավարության:  Իսկ նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրի հարստությունն օգտագործում է բանակը վերազինելու և հզորացնելու համար, և միաժամանակ հակահայկական հռետորաբանությամբ տարածաշրջանում լարվածություն է հրահրում:

 

 

Վերջին դեպքերից մեկը հենց այդ մասին է վկայում.  75-ամյա գրող Աքրամ Այլիսլի խրտվիլակը Բաքվում այրվեց  այն գրքի պատճառով, որ նա գրել էր էթնիկ ադրբեջանցիների և հայերի վերքերը սպիացնելու համար, իսկ իշխանամետ կուսակցություներից մեկը  գրողի ականջի համար 13 000 դոլար պարգևավճար սահմանեց:

 


«Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջման գնալ այն մարդկանց հետ, որոնք ինչպես իրենք են ասում, «գողացել են իրենց հողը,- անցած շաբաթ Տորոնտոյի համալսարանում ասաց Դե Վաալը և շարունակեց,- Նա տարեկան 4 միլիարդ դոլար է ծախսում իր բանակի վրա: Հավանականություն կա նաև, որ զորքերի շփման գծում կարող է հանկարծակի պատերազմ սկսվել. մեկ օր ինչ-որ մեկը կարող է ականանտից արկ նետել այնտեղ և վերջ»:

 

 

Երկու կողմերը պարբերաբար մասնակցում են հակամարտության կարգավորմանն ուղված խաղաղ բանակցություններին և ասում են, թե խաղաղություն են ցանկանում, սակայն քանի դեռ Ադրբեջանը պահանջում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը` որոշակի ինքավարության կարգավիճակով, իսկ Հայաստանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի, դժվար թե մոտ ապագայում խաղաղություն հաստատվի տարածաշրջանում:


 

«Խաղաղություն հաաստատելու համար փայլուն ծրագրեր կան, սակայն վստահություն է անհրաժեշտ,-նշում է Դե Վաալը,- Այսօր բացակայում են  համագործակցությունն ու վստահությունը»: