ԱՄՆ-ում 800 հազար մարդ լրացուցիչ հանգստյան օր կստանա՝ բյուջետային կրճատումների պատճառով

12:30 • 21.02.13

Ամերիկյան ռազմական գերատեսչությունում աշխատող քաղաքացիական անձանց շաբաթական մեկօրյա հանգիստ կտրամադրվի 22 շաբաթվա ընթացքում՝ սկսած ապրիլի վերջից, հայտնում է Russia Today-ը։ Այս միջոցառումը ծախսերը կրճատելու հաշվին ԱՄՆ-ի պետական պարտքը նվազեցնելու մեծ պլանի արդյունքն է։

 

ԱՄՆ պետպարտքը սկսել է կտրուկ աճել 2007թ.-ից և այժմ հասել է 16 տրիլիոն դոլարի։ Կոնգրեսը մշակել է որոշ պետական գերատեսչությունների գործունեության ծախսերի կրճատման միջոցառումների շարք։


Ամերիկյան տնտեսության բեռն իրար միջև կբաժանեն պաշտպանությունը և ներքին գյուղատնտեսական ծախսերը (ազգային այգիներ, դաշնային դատարաններ, ՀԴԲ, սննդի ստուգում և այլն)։ Մոտակա 10 տարում պարտքը պետք է կրճատվի 1.2 տրլն դոլարով։ Նշված միջոցառումները կգործեն մարտի 1-ից։

 

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նշել է, որ 2013թ.-ին պաշտպանության ոլորտում նախատեսվում է կրճատել 46 մլրդ դոլար, ինչն էականորեն կհարվածի երկրի մարտական պատրաստվածությանը։ Սակայն, միևնույն ժամանակ, որքան ձգձգվեն այդ կրճատումները, այնքան ավելի դժվար կլինի հասնել հայտարարված ցուցանիշին։


Համաձայն օրենքի՝ Պենտագոնը պետք է տեղեկացնի Կոնգրեսին չվճարվող մեկօրյա հանգստյան օրերի տրամադրման մասին՝ այդ որոշումն ուժի մեջ մտնելուց 45 օր առաջ, ինչն էլ ՊՆ-ն արել է չորեքշաբթի։