Սոչիի Օլիմպիական խաղերի սպասարկման համար կկառուցվի 10մլն եվրո արժողությամբ գերմանական լվացքատուն
Դեռևս 1980 թվականին՝ Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ, սպիտակեղենը լվանում էին գերմանական մեքենաները: Իսկ հիմա Kannegiesser ընկերությունը պատրաստվում է ռուսական Սոչիում, որտեղ պետք է անցնեն ձմեռային օլիմպիական խաղերը, կառուցել մի մեծ լվացքատուն, որի արժեքը կկազմի 10 միլիոն եվրո: Արտադրամասը օրական կարող է լվալ, չորացնել, արդուկել և դասավորել մինչև 100 տոննա տեքստիլային արտադրանք: Այս մասին հաղորդում է InoPressa-ն՝ հղում կատարելով Tagesspiegel-ին:
Kannegiesser-ը առաջատարն է լվացքատների տեխնիկայի շուկայում: 71-ամյա Մարտին Կաննեգիսսերը իր ռուսական գործընկերոջ հետ համագործակցում է բավականին վաղ ժամանակներից: Նրանք լվացքատնային ծառայություններ էին մատուցում հյուրանոցների և ռուսական երկաթ գծերի համար: Գործարանը, որը կկառուցվի Սոչիում, Օլիմպիադայից հետո կօգտագործվի նույն նպատակների համար:
Նման ծավալների պատվերներ Կաննեգիսսերը ստացել է միայն արաբական երկրներում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ այս կազմակերպությունը ներկայացուցչություններ ունի 49 երկրներում:










