Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 300.000-ի
Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը տեղեկացրել է, որ սիրիացի փախստականների թիվը Թուրքիայում գտնվող փախստականային ճամբարներում հասել է 185.000-ի, սակայն ճամբարներից դուրս Թուրքիայում բնակություն է հաստատել ավելի քան 100.000 սիրիացի:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բուգյուն» կայքը, Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայից բացի, որևէ երկիր սիրիացի փախստականներին աջակցություն չի ցուցաբերել:
Նա տեղեկացրել է, որ մինչ այժմ Թուրքիան սիրիացի փախստականների համար 600.000 թուրքական լիրա է ծախսել:
ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Սիրիայում ընթացող հակամարտության պատճառով ավելի քան 700 հազար մարդ փախստական է դարձել՝ ապաստան գտնելով հարևան պետություններում:
Թուրքիայից բացի, ավելի քան 219 հազար փախստականներ կան Հորդանանում, 226 հազար՝ Լիբանանում, 77.5 հազար՝ Իրաքում, իսկ Եգիպտոսում՝ 14 հազար:










