Մայք Թայսոնը 5 մլն դոլար է պահանջում ֆինանսական խորհրդատուից՝ իր փողերը «քամուն տալու» համար

19:20 • 21.02.13

Հանրահայտ նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը դատական հայց է ներկայացրել Live Nation Entertainment-ին պատկանող՝ ֆինանսական խորհրդատվություններ տրամադրող ընկերության դեմ, որի աշխատակիցներից մեկը վատնել է իրեն պատկանող 300.000 դոլարը։ Դրա հետևանքով Թայսոնը զրկվել է մի քանի միլիոնի եկամուտներից, հայտնում է Forbes.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Մայք Թայսոնն ընկերության աշխատակցից պահանջում է 5 մլն դոլար գումար։

 

Համաշխարհային բռնցքամարտի լեգենդը հայտնել է, որ ընկերությունն իր ընտանեկան ֆինանսների տնօրինման իրավունք է ստացել, սակայն չի արդարացրել սպասումները։ Եվ ոչ միայն չի պահպանել, կրկնապատկել կամ պատշաճ կերպով օգտագործել ֆինանսական հնարավորությունները, այլ ընդհակառակը, օգտագործել է դրանք սեփական շահերի և հարստացման համար։

 

Հայցում ասվում է, որ 300.000-ի վատնումը թույլ չի տվել նրան դուրս գալ սնանկացումից, ստիպել է աշխատանքի վերցնել նոր խորհրդատուների և հրաժարվել շահութաբեր պայմանագրերից։

Ավելի ուշ ընկերությունը հետ է վերադարձրել ծախսած գումարի մի մասը և պահանջել է Թայսոնից դրանց չհրապարակման մասին համաձայնագիր կնքել։ Սակայն Թայսոնը հրաժարվել է և դատարան դիմել։