Սանկտ Պետերբուրգում թալանել են նկարիչ Զախար Խաչատրյանին

17:36 • 21.02.13

ՌԴ «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում թալանել են 89-ամյա հայազգի նկարիչ, վետերան Զախար Խաչատրյանին. նրա արվեստանոցից տարել են 14 մեդալներով և շքանշաններով կոստյումը, անհետացել են նաև փաստաթղթեր, հայտնում է Life News-ը։ 

 

Կորուստը նկարիչը նկատել է Մոսկվա կատարելիք կարևոր այցից առաջ. նա պատրաստվում էր մեկնել մայրաքաղաք՝ Պետդումայում վետերանների հանդիպմանը։

 

«Մենք դիմում ենք ստացել Հայրենական Մեծ պատերազմի վետերանից։ Նրա խոսքով՝ իր պարգևները գտնվել են արվեստանոցում։ Վերջին անգամ նա տեսել է դրանք 2012թ. մայիսին»,- հայտնել են ոստիկանությունից։

 

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սանկտ Պետերբուրգում վետերանների հետ Վլադիմիր Պուտինի 3-ժամյա հանդիպման վերջում (այդ ժամանակ Պուտինը վարչապետ էր) մասնակիցներից մեկը՝ Զախար Խաչատրյանը, իրեն վատ է զգացել։ Պուտինը հանձնարարել է անհապաղ շտապօգնություն կանչել և բացել պատուհանները։ Գիտակցության գալուց հետո Խաչատրյանը հրաժարվել է գնալ հիվանդանոց՝ մինչև չխոսի վարչապետի հետ։

 

Վետերանը պատմել է Պուտինին նկարիչների վիճակի մասին և խնդրել աջակցել նրանց։ Ի դեպ, Պուտինը մեկ անգամ արդեն օգնել է Խաչատրյանին. նրա հանձնարարականով վետերանին բնակարան են հատկացրել, սակայն այն չի հաջողվել սեփականաշնորհել։