Քանի դեռ Ր. Հովհաննիսյանը քաղաքացիական անհնազանդության կոչ չի արել, ոչ ոք իրավունք չունի նման կոչ անելու. Ս. Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցությունում երեկ դիտել են Ազատության հրապարակում ժամը 18-ին անցկացված հանրահավաքի տեսաձայնագրությունը և պարզել, որ երիտասարդները, որոնց և Արմեն Մարտիրոսյանի միջև վեճ էր եղել, քաղաքացիական անհնազանդության կոչեր են արել:
«Եթե Հովհաննիսյանը կամ իր կողմնակիցներից որևէ մեկը դեռևս քաղաքացիական անհնազանդության կոչ չի արել, ապա նա իրավունք չունի այնտեղ նման կոչեր անել: Հենց դա է եղել Արմեն Մարտիրոսյանի զայրույթի պատճառը: Առավել ևս , որ ակտիվիստը, որ իմ կողմից շատ հարգելի մարդ է, կոչ է հնչեցնում այն մարդու հանրահավաքում, որին չի համակրում և այդ երիտասարդներից Կարենը երբևէ Րաֆֆի Հովհաննիսյանի երկրպագուն չի եղել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ ի տարբերություն Արմեն Մարտիրոսյանի, ինքը ճանաչում է այդ երիտասարդներին:
Հիշեցնենք, որ երեկ մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանելը, Ազատության հրապարակում իրավիճակը բավական լարված էր։ Որոշ ակտիվ երիտասարդներ՝ Կարեն Հարությունյանը (ի դեպ, նշենք, որ Կարեն Հարությունյանը այն նույն երիտասարդն է, ով ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ մամուլի ասուլիսի ժամանակ անակնկալ բողոքի ակցիա իրականացրեց) և Բայանդուր Պողոսյանը ժողովրդի մեջ կանգնած որոշ հայտարարություններ էին անում, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրե՞լ է ժողովրդի կարծիքը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալուց առաջ։
«Ասել ենք, թե ժողովուրդ բոլորս պետք է որոշենք՝ գնա՞ հանդիպման, թե՝ ոչ։ Դրանից հետո կոչ եմ արել համախմբվել և չանձնավորել պայքարը»,- նշել էր Կարեն Հարությունյանը: Ինչից հետո Արմեն Մարտիրոսյանը նրանց անվանել էր պրովոկատորներ:
Կրքերը թեժացան և երիտասարդների հետ զրուցելու եկած Ստյոպա Սաֆարյանից վերջիններս պահանջեցին կամ ապացույցներ ներկայացնել, որ պրովոկատոր են, կամ հրապարակավ ներողություն խնդրել: Ստյոպա Սաֆարյանը Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ներողություն խնդրեց ու միջադեպը սպառված համարեց:
Ի դեպ, երիտասարդներն ասում էին, որ այո, իրենք բարձր ձայնով են խոսել, որպեսզի մարդիկ իրենց լսեն:
«Եթե նա հասուն մարդ է, իսկ ես հուսով եմ, որ այդպես է, պիտի հասկանար, որ նման վայրերում՝ զանգվածային միջոցառման ժամանակ, չի կարելի տարբեր բնույթի կոչեր հնչեցնել, հատկապես մեր տիպի երկրներում, որ ընդդիմությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ։ Եթե նա այլ պայքարի կողմնակից է, ապա պետք է հասկանա, որ այդ հարթակն այդ վայրը չէ»,-ամփոփեց Ստյոպա Սաֆարյանը:
Իրո՞ք ժողովրդի կողմից եղել է պահանջ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնա Սերժ Սարգսյանի մոտ: Այս հարցին ի պատասխան Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Մի բան հաստատ եղել է. երբ նա ասաց, որ պատրաստվում է գնալ Սերժ Սարգսյանի մոտ , քանի որ նա չեկավ, ժողովուրդը հավանություն տվեց դրան»:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակը լքեց մասնակցելու համար «Ժառանգության» նիստին:
Ի պատասխան հարցի, թե ի՞նչ օրակարգ է ունեցել նիստը, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այն նվիրված է եղել այսօրվա հանրահավաքին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը, ապա՝ «ասվել է, որ ինչպես ձեզ հայտնի է, հանդիպել եմ, և վաղը դրա մանրամասները «Հրապարակում» կներկայացնեմ»:
Արդեն իսկ մամուլում շրջանառվում են զրույցի մանրամասները: Ըստ «Հրապարակի»՝ երեկ Սերժ Սարգսյանն ասել է, որ հանդիպումն անցել է բավական «կառուցողական» մթնոլորտում և ինքը Րաֆֆուն ներկայացրել է հետընտրական զարգացումների երեք սցենար. 1. Րաֆֆին դառնում է ընդդիմության նոր բևեռ, պայքարը կառուցում քաղաքակիրթ նորմերի վրա, ընդունում է, որ այս ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը, և, ըստ այդմ էլ, շարունակում է քաղաքական դաշտում իր պայքարը: 2. Րաֆֆին և իր համախոհները գնում են ռադիկալ քայլերի` պատրաստ լինելով իրենց նկատմամբ նույնանման արմատական քայլերի ու որոշումների իշխանությունների կողմից: 3. Րաֆֆին համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ու «աշխատում են միասին»: «Մտածիր»,-ասել է Սերժ Սարգսյանը Րաֆֆուն:
Ստյոպա Սաֆարյանը ի պատասխան կրկնեց, որ ժառանգականներին իրենց առաջնորդի կողմից որոշ բաներ կներկայացվեն, սակայն կխոսի Րաֆֆի Հովհաննիսյանն՝ այսօր:
Իսկ մտավախություն չկա՞, որ երեկ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց նախագահական օդում հարց կախվեց՝ կասի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ցտեսություն, թե՝ կմտնի նոր կոալիցիա:
«Առնվազն տեսանելի երկու ճանապարհ կա. մեկը խորացնել երկրում թշնամությունը և գնալ առճակատման և դրա միջոցով փոխել իշխանությունը, և երկրորդը….»,- այս հատվածից Ստյոպա Սաֆարյանը չցանկացավ շարունակել և պարզապես ավելացրեց. «Հիմա, եթե ոմանք գտնում են, որ Սերժ Սարգսյանի հանդեպ պետք է անմիջապես գործողություններ ձեռնարկել, ապա իրենք ազատ են դա անելու»:
Ստյոպա Սաֆարյանը միայն ավելացնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի արել մի բան, որը անհարիր լինի «Ժառանգության» դիմագծին:
«Ժառանգությունն» իր ասելիքն ասում է առանց սեթևեթանքի»,- ավելացրեց նա:










