Չինաստանի իշխանությունները խոստովանել են «քաղցկեղածին գյուղերի» առկայության մասին
Չինաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հայտարարել է երկրում այսպես կոչված «քաղցկեղածին գյուղերի» առկայության մասին. այս խնդիրը վաղուց արդեն քննարկվում է Չինաստանի հանրության շրջանում։
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նախարարության զեկույցում նշված է, որ Չինաստանը դեռևս օգտագործում է վնասակար քիմիական նյութեր, որոնք արգելված են աշխարհի զարգացած երկրներում։
Իշխանությունների հայտարարությունները հրապարակվել են չինական հասարակության շրջանում խոշոր գործարանների արտանետումների հետևանքով օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին քննարկումների ֆոնին։
Ինչպես նշում են լրատվամիջոցները, «քաղցկեղածին գյուղերում», որոնք տեղակայված են գործարանների և աղտոտված տարածքների մոտակայքում, վարակվածության մակարդակը վերջին շրջանում էապես աճել է։
Չորս տարի առաջ չինական ամսագրերից մեկը հրապարակել էր քարտեզ, որի վրա նշված էին տասնյակ «քաղցկեղածին գյուղեր»։










