Չինաստանում վերադաստիարակում են «ծույլ վաճառողներին»՝ վազեցնելով անձրևի տակ

00:07 • 22.02.13

Հարավչինական Չենդու քաղաքի՝ սննդամթերքի վաճառքով զբաղվող ձեռնարկությունը որոշել է աշխատանքներ տանել պասիվ վաճառքի մենեջերների հետ: Այս մասին գրում է InoPressa-ն՝ հղում կատարելով Corriere della Sera-ին:


Երկուշաբթի օրը Չենդուում՝ Սիչուան նահանգում, ուժեղ քամու և անձրևի պայմաններում  մի խումբ երիտասարդներ վազում էին քաղաքի փողոցներից մեկով՝ երկար շարք կազմելով սև մեքենայի ետևից: Ավելի ուշ «Ժենմին Ժիբաո» թերթը հայտնել է, որ խոսքը գնում է սննդամթերքի տարածմամբ զբաղվող ընկերության աշխատակիցների մասին, որոնք պատժվել են նրա համար, որ չեն իրականացրել 2012 թվականի վաճառքի նախատեսված ծավալները:


Պատիժը, որը համաձայնեցվել էր ընկերության ղեկավարության հետ, նախատեսում էր 10 կմ վազք տղամարդկանց և 5 կմ՝ կանանց համար:


Ըստ վազքի մասնակիցների՝ նրանք 2012 թվականի սկզբին պայմանագիր էին ստորագրել ընկերության հետ և չեն բողոքում՝ նշելով, որ դիմացկունության այս ստուգումը շարժառիթ կհանդիսանա մյուս տարում վաճառքի ծավալները մեծացնելու համար: