Վրաստանի սահմանին հայ և ռուս մաքսանենգներ են ձերբակալվել

14:40 • 22.02.13

Ռուսաստանի և Հայաստանի երկու քաղաքացիներ այսօր ձերբակալվել են Վրաստանի հետ սահմանին՝ Սադախլո (Բագրատաշեն) սահմանային անցակետում, տեղեկացնում է Новости Грузия-ն։

 

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացրել է, որ նրանք ձերբակալվել են մաքսանենգ ճանապարհով ոսկի տեղափոխելու մեղադրանքով։

 

«Երկու դեպքում էլ չհայտարարագրված ոսկին տեղափոխվել է Հայաստանից։ Մասնավորապես՝ ՌԴ քաղաքացի Ա.Պ-ի մոտ հայտնաբերված ոսկու արժեքը, փորձագիտական եզրակացության համաձայն, կազմել է 29.691 լարի (17.800 դոլար), իսկ Հայաստանի քաղաքացի Կ.Դ-ի ոսկեղենը՝ 21.512 լարի (մոտ 12.900 դոլար)»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Եկամուտների ծառայության տեղեկություններով՝ գործը փոխանցվել է քննչական ծառայությանը։