Գլենդեյլում շտապ օգնության մեքենայով հայը կողոպտել է 55-ամյա կնոջ դրամապանակն ու նպարեղենը

09:53 • 22.02.13

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում հերթական հայն է ձերբակալվել:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, 50-ամյա Վահիկ Խաջեկյանն անցած շաբաթ օրը բերման է ենթարկվել` 55-ամյա մի կնոջ կողոպտելու  համար:

 

Վահիկը փողոցում մոտեցել է խանութից տուն վերադարձող կնոջը, հափշտակել նրա դրամապանակն ու նպարեղենով լի պայուսակը: Կինը շրջվել ու փորձել է վազել կողոպտչի հետևից, սակայն, բերանքսիվայր ընկել է, վնասել դեմքը, ոտքն ու ձեռքերը:

 


Իրավապահները Վահիկին ձերբակալել են դեպքի վայրից քիչ հեռու. նա եղել է շտապ օգնության մեքենայի (մեքենան ծառայության մեջ չի եղել) մեջ:

 

Մեքենայի տակ ոստիկանները հայտնաբերել են կնոջ` սննդամթերքով լի պայուսակը, քիչ հեռու` դրամապանակը:

 

Շտապ օգնության մեքենայի մեջ նաև եղել է 8 ասեղ և այրված ալյումինե տարայի մի  կտոր` դարչնագույն նստվածքով:

 

Վահիկը կալանավորվել է: