Իրանը վերսկսել է ուրանի օգտագործումը միջուկային վառելիքի արտադրության համար. ՄԱԳԱՏԷ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալներով, 2012թ. Իրանում նոյեմբերից ի վեր 20 տոկոս հարստացված ուրանի պաշարներն ավելացվել են 18-19 կիլոգրամով, ինչը դիվանագետների տվյալներով, մասամբ պայմանավորված է նրանով, որ Իրանի մասնագետները վերսկսել են ուրանի օգտագործումը միջուկային վառելիքի արտադրության համար:
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, ենթադրաբար, այդ նպատակներով ծախսվել է ավելի քան 28 կգ 20 տոկոս հարստացված ուրան:
Համեմատության համար նշվում է, որ 2012թ. սեպտեմբերից մինչև նոյեմբեր ժամանակահատվածում Իրանը կարողացել է կրկնապատկել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները:
ՄԱԳԱՏԷ-ի հինգշաբթի հրապարակված զեկույցում ասվում է, որ 2013թ. փետրվարի սկզբին Իրանը 167 կիլոգրամ մինչև 20 տոկոս հարստացված ուրան ուներ:
Փորձագետների գնահատականներով, միջուկային ռումբ ստեղծելու համար Իրանին անհրաժեշտ կլինի ևս շուրջ 250 կիլոգրամ հարստացված ուրան:










