Եգիպտոսի նախագահն ապրիլին խորհրդարանական ընտրություններ է նշանակել

09:40 • 22.02.13

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները կսկսվեն ապրիլի 27-ին, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կկայանան 4 փուլով. յուրաքանչյուր փուլում կքվեարկեն երկրի տարբեր շրջանների բնակիչները։ Դրա պատճառն անհրաժեշտ թվով դիտորդների բացակայությունն է։

 

Եգիպտոսն առաջին անգամը չէ, որ բախվում է դիտորդների խնդրին. նախորդ ընտրությունները ևս նույն պատճառով տեղի էին ունեցել 2011թ.-ի նոյեմբերից մինչև 2012թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում։

 

Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Եգիպտոսի վերին պալատը փոփոխություններ էր մտցրել Ընտրական օրենքում։ Ակնկալվում է, որ մինչև փետրվարի 25-ն այդ փոփոխությունները կհաստատի Մուրսին։


Նոր օրենքով՝ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորներին արգելվելու է փոխել կուսակցական պատկանելությունը։


Համաձայն նոր օրենքի՝ խորհրդարանի ստորին պալատի մեկ երրորդը պետք է հատկացվի անկախ պատգամավորներին։