Ռուսաստանի քաղաքական աշխարհագրությունը թուրքական ԶԼՄ-ների «աչքերով»
Թուրքական պարբերականները ակտիվորեն մեկնաբանում են Իրաքի Քրդստանի և ռուսական Газпромнефть նավթային ընկերության միջև կնքված Իրաքի հյուսիսում նավթի արդյունահանման նոր պայմանագրերը` Իրաքի Քրդստանի ինքնավարության կառավարության ղեկավար Մեսուդ Բարզանիի Մոսկվայում հնչեցրած հայտարարությունների ֆոնին, գրում է InoSMI-ն:
Թուրքական ԶԼՄ-ների մեծ մասը գալիս է այն եզրահանգման, որ Բարզանիի տվյալ քայլը, անտարակույս, կտանի Բաղդադի և Էրբիլի միջև հարաբերությունների ծայրահեղ սրման (Yeni Çağ, 20.02)
Այս կապակցությամբ ընդգծվում է, որ Էրբիլի և համաշխարհային էներգետիկ հսկա ընկերությունների միջև յուրաքանչյուր համաձայնագիր «բախվում է Բաղդադի կենտրոնական իշխանության վետոյին և կատաղի հակազդեցությանը»:
Թուրքական պարբերականների համար հատկանշական են Սիրիայի իրավիճակի կարգավորմանն ուղղված ինտենսիվ դիվանագիտական ջանքերը, դրանց է անդրադառնում, մասնավորապես, Sabah-ը (21.02), տեղեկացնելով Եգիպտոսում կայացած Ռուսաստան - Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) ֆորումի մասին:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարության համաձայն, սիրիական ճգնաժամը չի կարող լուծում ստանալ զենքի կիրառմամբ և ռազմական միջամտությամբ: Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՊԼ-ն համաձայնության են եկել Սիրիայի օրինական իշխանության և ընդդիմության միջև երկխոսության ձևավորման համատեղ գործողությունների վերաբերյալ:
Պարբերականը նշում է, որ հակամարտության կողմերին Մոսկվա հրավիրելով ՌԴ ղեկավարությունը «ջանում է ճնշում գործադրել Սիրիայում հակամարտող յուրաքանչյուր կողմի վրա»:
Թուրքական Akşam-ը (20.02) տեղեկացնում է Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հորդանանի միապետ Աբդդալլա 2-րդի միջև հանդիպումը, որը նվիրված է եղել ռազմատեխնիկական համագործակցությանը, տնտեսական և առևտրային գործընկերությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման ապահովմանը:
Թուրքական Milli gazete-ի (21.02) ուշադրության կենտրոնում Միջին Ասիան է «որը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտության կիզակետն է տարածաշրջանային ռազմաբազաներ ունենալու համար»: Փորձագետների զեկույցների համաձայն, ԱՄՆ-ն ջանք չի խնայում Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսներին մատչում ունենալու համար: Նրանք, ռազմական և էներգետիկ շահերից մղված, միտված են սահմանափակել ՌԴ-ի և Չինաստանի ազդեցությունը այդ տարածաշրջանում:
Ընդգծվում է, որ Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանում Ռուսաստանը արագորեն ամրապնդում է իր դիրքերը Միջին Ասիայում ռազմական ներկայության մասով` հակակշռելով ԱՄՆ-ի «գրավողական» մղումները:
Նույն Milli gazete-ի փետրվարի 20-ի հոդվածում վերլուծվում է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարները` Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական փուլի ընթացքում:
Երկու երկրների հարաբերությունները բնութագրելով որպես «ռազմավարական», իսկ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ` «բարիդրացիական», ըստ թուրքական պարբերականի, Հայաստանը մտադիր է ՌԴ-ի հետ համագործակցություն զարգացնել, նախևառաջ, անվտանգության ապահովման ասպարեզում:
Պարբերականի հոդվածագրի կարծիքով, սպասվում է Հայաստանի ներգրավվումը Եվրասիական միության ստեղծմանը, որը, ի թիվս այլի, նաև միասնական հակաօդային պաշտպանության համակարգ է ենթադրում հետխորհրդային տարածաշրջանում:
Պարբերականը կասկածանքով է վերաբերվում ՀՀ նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղված ջանքերի ակտիվացմանը, նույնիսկ հաշվի առնելով այն, որ Երևանը իր թիկունքում «Ռուսաստանի աջակցությունն է զգում»:










