ԱՄՆ-ն ՄԱԿ-ում արգելափակել է Դամասկոսում կատարված ահաբեկչությունը դատապարտող ՌԴ նախագիծը
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Ռուսաստանի առաջարկած նախագիծը՝ Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտելու և զոհվածների հարազատներին ցավակցություն հայտնելու մասին, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
«Ցավոք, ԱՄՆ պատվիրակությունն արդեն որերորդ անգամ արգելափակում է Անվտանգության խորհրդի կողմից անհրաժեշտ պատասխանն ահաբեկչական գործողությանը՝ պատճառաբանելով դա այլ հարցերով։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այդ կերպ խրախուսում է նրանց»,-նշվում է ՌԴ ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պատրաստած փաստաթղթում նշված է եղել, որ ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով լուրջ վտանգ է միջազգային հանրության և անվտանգության համար և արդարացում չունի, իսկ Անվտանգության խորհրդի անդամները շարունակելու են պայքարն ահաբեկչության դեմ։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Դամասկոսի ահաբեկչությունը և մտադիր է այն քննարկել սիրիական ընդդիմության հետ։
Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը երեկ Դամասկոսում ականապատ ավտոմեքենա էր պայթեցրել այն փողոցում, որտեղ գտնվում է իշխող «Բաաս» կուսակցության գրասենյակներից մեկը։ Վերջնական տվյալներով՝ զոհվել է 53, վիրավորվել 230 մարդ։ Զոհերի թվում շատ են կանայք և երեխաները։










