Հալեպում թեժ մարտերը շարունակվել են. լարված է եղել նաև հայկական թաղամասերի շրջակայքը

10:30 • 23.02.13

Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ ողջ օրվա ընթացքում ռմբակոծությունը շարունակվել է։
 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Հալեպում, որի համար ամիսներ շարունակ պայքարում են զինյալ ընդդիմադիրներն ու կառավարական զորքերը, հրթիռակոծության է ենթարկվել։ Զոհվել է առնվազն 12 մարդ, ներառյալ երեխաներ։ Վիրավորվել է առնվազն 50 մարդ։


Tert.am-ի Հալեպի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակը բավական լարված է եղել նաև հայկական թաղամասերի մոտակայքում։ Այստեղ տասից ավելի ականներ են պայթել։


Թեժ մարտեր են ընթացել Բոսթան Փաշա թաղամասում, որտեղ նախկինում տեղակայված էր հայկական ծերանոցը, որն ավելի վաղ ապահով վայր էր տեղափոխվել։


Թաղամասի հրթիռակոծության ու պայթյունների ձայները լսելի են եղել նաև հայաշատ Նոր գյուղ, Վիլլաներ թաղամասերում։


Իրավապաշտպանները ենթադրում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հրթիռակոծված շենքների փլատակների տակ դեռ մարդիկ կան։
 

Հալեպի՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի համար մարտերը շարունակվում են 2012թ-ի ամռանից։