ՀԱԿ դաշինքը գոյություն չունի. Լևոն Տեր-Պետրոսյան

16:17 • 23.02.13

Այսօր ՀԱԿ դաշինք, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, չկա, մեկ տարի առաջ էր սկսվել քայքայման պրոցեսը, բոլոր հեռացածներն ունեն իրենց պատճառաբանությունները: Հայոց համազգային շարժման արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և շարունակելով իր միտքը, հարց ուղղեց, իսկ եթե չկա` ի՞նչ անել:


«Բոլոր կուսակցություններից ամեն մեկը գնում է իր գրասենյակը, այդ թվում ՀՀՇ-ն, ինչ էր ՀՀՇ-ն մինչև 2007 թվականը, բոլոր ՀՀՇ-ն փառաբանողները, որոնցից մեկն էլ ես եմ, մշտական, մի ուժը ունեցող կուսակցություն չի եղել, ունեցել է փառավոր ժամանակներ, ունեցել ենք նաև խայտառակ ժամանակաշրջան»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:


Նրա կարծիքով, ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի նախագահությունից դուրս գալուց հետո դարձել էր լավագույն դեպքում մի գեղական «կլուբ», եթե չասենք աղանդ:


«Ի՞նչ քաղաքական գործություն էր ծավալել այս կուսակցությունը մինչև 2007 թվականը, ես համարում եմ ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանը. իմիտացիա արեց, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրությունների, ունեցավ խայտառակագույն արդյունքներ, և հիմա եթե Կոնգրես չկա, մենք հայտնվում ենք 2000-2007 թթ. վիճակում, սա՞ է մեր ցանկացածը»,- ասաց նա։


Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ՀՀՇ-ն որպես պատմական արժեք ներկայացնելով, առավել մեծ հայհոյանք իր համար չկա, քանի որ նշանակում է, որ զրո է, քանի որ նշանակում է , որ այսօր արժեք չունի:


«Ես չեմ ուզում, որ ՀՀՇ-ն կերակրի միայն թանգարանի, այդպիսի կուսակցություններ արդեն կան»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։


Շարունակելով իր ելույթը և ջուր խմելով, Լևոն Տեր-Պետրոսյանը նախ ասաց՝ «Ձեր կենացը», ապա շարունակեց ասելով՝ թող չդիտվի, որ փոքր մի նախաձեռնող խումբ հավասար իրավունքներով միանում է մի շատ մեծ բանի, մնացածների հետ բոլորը չեն կարող մտնել այս կուսակցություն, գալու է 1000 մարդ, ով նոր ավյուն է բերելու:


«ՀՀՇ-ի անդամների 95%-ը ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: Բիձեքով, այս քյաչալված մազերով պիտի ազգ պահե՞նք: Փառք Աստոծո, որ երիտասարդների ռեզերվը կա, այլապես մեզ վիճակվելու էր մեր պատմական կուսակցությունների բախտը, մեր թոռներին էինք պատմելու, մեզ դրանից ի՞նչ»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:


Նրա խոսքով՝ մի բան էլ իրենք են պարտական երիտասարդներին, որ այս գործի մեջ են մտնում. «Մենք մնում ենք հինգ տարի առաջ ձևափոխված մեր կաշվի մեջ, որևէ նոր բան չի ստեղծվել: Անունը փոխելով, մարդու էությունը փոխվե՞ց: Եթե սա չեղավ, ուրեմն այլընտրանքն անապատ է»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: