Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն շնորհավորել է Բակո Սահակյանին

14:00 • 23.02.13

Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն (ԱՄՆ օրենսդիր մարմնի՝  Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ)  Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է  հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

 

 


Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 


«Հարգելի պարոն նախագահ,


Շնորհավորում եմ Ձեզ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ժողովրդին ու կառավարությանը՝ ազգային-ազատագրական շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ: 25 տարի առաջ այս մի քանի օրերի ընթացքում Ձեր ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց հանուն ազատության և արժանապատության և ընդդեմ բռնապետության:

 


Արցախն իր ճանապարհին տարբեր տեսակի ծանր փորձությունների է  հանդիպել: Ձեր ժողովուրդը, սակայն, թույլ չի տվել, որ այդ փորձությունները կոտրեն իր կամքն ու արժանապատվությունը:

 


Սումգայիթի ողբերգությունը և բռնությունները, որ իրականացվեցին ադրբեջանական այլ քաղաքներում 25 տարի առաջ, ապացուցեցին ինքնիշխան ժողովրդավարություն կառուցելու միջոցով  իր ժողովրդի ինքնությունը պահպանելու Լեռնային Ղարաբաղի ընտրության արդարությունը:

 

Ես իմ անկեղծ շնորհավորանքներն ու գովասանքի խոսքերն եմ ուղղում Ձեզ՝ կառավարման ժողովրդավարական համակարգն ամրապնդելու ուղղությամբ Ձեր ջանքերի համար:

 

 Ես նաև վերահաստատում եմ, որ կանգնած եմ արցախցի ժողովրդի կողքին՝  Արցախի՝ միջազգային ճանաչման ճանապարհին: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի աշխարհի պետությունների ընտանիքի կազմում»: