Ժողովուրդը ձայն է տվել Սերժ Սարգսյանին և վերջ. Էդուարդ Շարմազանով
Ժողովուրդը ձայնը տվել է Սերժ Սարգսյանին և վերջ: Tert.am-ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ փետրվարի 18 –ին շուրջ 861 հազար մարդ իր ձայնը տվել է Սերժ Սարգսյանին:
«Եվ սա ասում է ոչ միայն Էդուարդ Շարմազանովը, այլ հասարակության մեծամասնությունը, բոլոր միջազգային կառույցների՝ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները եվրոպականից մինչև ԱՊՀ, « Ֆրանսիայից մինչև Չինաստան, Ռուսաստան, Իրան, Ֆրանսիա և այլն»,-ասաց նա:
Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան շատ ձայներ է հավաքել, ՀՀԿ խոսնակը համարում է նորմալ, և ավելացրեց, որ Հանրապետականի համար շատ թանկ են այդ 37 տոկոսի ձայները:
«Եվ մենք էն կարծիքի չենք եղել, որ պետք է բոլորը մեզ ձայն տան; Մենք հո չենք ապրում ավտորիտար կամ բոլշևիկյան հասարակության մեջ»,- ասաց ՀՀԿ խոսնակը, ով սակայն, չի ընդունում հայաստանյան մտայնությունը, որ «պարտված թեկնածուն իրեն միայն տեսնում է նախագահական պալատում՝ ինչ-որ պաշտոնների ձևով, և ամեն պարտված թիմ ուզուրպացնում է Ազատության հրապարակը»:
Նա իբրև օրինակ բերեց ԱՄՆ-ում կամ Չեխիայում մեկ ամիս առաջ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ նախագահ ընտրվեց Զեյմանը 54 տոկոսով, երկրորդ տեղը գրաված պարոն Շվերցտենբերգը՝ 46 տոկոսով:
«Բայց նա չասաց, որ եթե 46 տոկոս եմ հավաքել, ուրեմն՝ 86 տոկոս է, հետո չասաց՝ դե արի կրկնակի քվեարկություն անենք, հետո չասաց՝ դե արի խորհրդարանը ցրե՛նք: Երկու տոկոսի տարբերությամբ Օլանդին պարտված Սարկոզին շնորհավորեց նրան: Չի՛ կարելի բազարային մտածելակերպով քաղաքականություն իրականացնել»,- մեկնաբանեց ԷդուարդՇարմազանովը:
«Ի ամփոփում՝ ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ թող ոչ մեկի մտքով չանցնի մեր երկիրը տանել ավանտյուրիստական ճանապարհով և ավելացրեց. «Իսկ իշխանության ուզուրպացիայի ճանապարհով, շատ տխուր ճակատագիր է սպասվում»:
ՀՀԿ խոսնակի խոսքով՝ իշխող կուսակցության համար անսպասելի չէր երեկ՝ Ազատության հրապարակ Դաշնակցության մուտքը, ովքեր հայտարարեցին, որ այդտեղ են, քանի որ չեն կարող չլինել ժողովրդի կողքին: «Բոլոր նրանք, ովքեր կոալիցիայում չեն և ընդդիմադիր ուժ են, պաշտպանելու են Րաֆֆի Հովհաննիսյանին կամ առնվազն ոչ իշխանության թեկնածուին, քանի որ, հիշենք, որ ՀՅԴ-ն ընտրություններից առաջ կոչ էր արել ձայն չտալ իշխանության թեկնածուին: Եվ նոր չէ, որ բոլոր ուժերը, թույլերը միավորվում են ուժեղի դեմ: Բնության մեջ էլ է այդպես, և իշխող կուսակցությունն ուժեղ է ՝ և՛ իր հանդուրժողականությամբ, և՛ իր դիրքով, և՛ իր հողին կպածությամբ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով , որ չի կարծում, որ հինգ -վեց կուսակցությունների ղեկավարների միավորման շքերթը սասանում է իշխանության դիրքերը, և «ավելացնում է Րաֆֆի համակիրների տեսակարար կշիռը»:
Ինչ վերաբերում է «Բարևի հեղափոխությանը», ապա Էդուարդ Շարմազանովը ավելացրեց, որ հասարակությունում տեղի է ունեցել սահմանադրական հեղափոխություն՝ իշխանության գլխավորությամբ:
«Բարևն Աստծունն է, և «Հանրապետականը» պատրաստ է բոլորին շատ մեծ սիրով և՛ բարևել, և՛ ճանապարհել: Եվ Երևանի քաղաքապետի ընտրություններով ևս կպարզվի, որ բարևը Հանրապետականի միջոցով Աստծունն է»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Ի պատասխան հարցի, թե կարծո՞ւմ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում այսպես կոչված սահմանադրակա՞ն ճանապարհով, այսինքն՝ կառուցողական, թե հեղափոխական, ՀՀԿ խոսնակը նկատեց, որ սահմանադրական հեղափոխություն լինում է միայն ընտրությունների միջոցով: Այն է՝ իշխանության փոփոխություն կամ վերընտրություն, իսկ ընտրությունների արդյունքում ձայնը տվել է Սերժ Սարգսյանին:
«Սահմանադրական ճանապարհով հեղափոխության մասին խոսացողները կամ անգրագետ են ... Ես Արմեն Մարտիրոսյանին պատասխանել եմ, որ խորհրդարանը չի կարող ցրվել, գոնե առաջիկա երեք ամսվա ընթացքում անհնար է, որովհետև Սահմանադրությունը պատվերով համերգ չի էլի, որ ով երբ ուզի, ցրի, սա պետություն է»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը հիշեցնում է, Սահմանադրության 117 և 74 հոդվածներով խորհրդարանի ցրում նախատեսված է երեք դեպքերում. խորհրդարանի՝ երեք ամիս անգործության դեպքում. եթե կառավարության լուծարումից հետո նորանշանակ վարչապետի ծրագիրը Ազգային ժողովը չի հաստատում կամ հերթական նստաշրջանից առաջ:
Իսկ գարնանային նստաշրջանը արդեն սկսվել է, այնպես որ տեսականորեն դա կարելի է անել աշնանային նստաշրջանից առաջ:
Ի պատասխան հարցի էլ, թե ՀՀԿ-ից «Ժառանգությանը» եղե՞լ է կամ կլինի՞ կոալիցիայի մաս կազմելու առաջարկ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցության ներսում չի քննարկվել ապագա իշխանական կառավարության կամ գուցե կոալիցիայի հարց:
«Տեսական առումով, խոսքը Րաֆֆիի մասին չէ, բայց քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Ամեն ինչ հնարավոր է, բայց այսօր ՀՀԿ-ն չի քննարկել ապագա կոալիցիայի հարց»,-ասաց ՀՀԿ խոսնակը:










