Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիական հակամարտությունում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ
Ռուսական ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կտրուկ է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ամերիկյան պատվիրակության գործողությունների վերաբերյալ: Դիվանագետը կարծում է, որ ԱՄՆ-ի արձագանքը Դամասկոսում երեկ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ երկակի ստանդարտների դրսևորում է, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
«ԱՄՆ-ի՝ Սիրիայում կատարված ահաբեկչությունը դատապարտելուց հրաժարվելը խոսում է ցանկացած ահաբեկչություն անվերապահորեն քննադատելու սկզբունքներից ետ կանգնելու մասին»,- հայտարարել է Լավրովը:
Նախօրեին Վաշինգտոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել էր Ռուսաստանի կողմից պատրաստված հայտարարությունը, որը քննադատում էր Դամասկոսում իրականացված ահաբեկչությունը: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 53 մարդ:
«Սա երկակի ստանդարտների դրսևորում է»,- մեկնաբանել է նախարարը:
Մոսկվայում Չինաստանի ԱԳՆ ղեկավար Յան Ցզեչի հետ կայացած հանդիպման ժամանակ Լավրովն անդրադարձել է ևս մեկ պոտենցիալ հակամարտության գոտու՝ Հյուսիսային Կորեային: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը գործընկերներին կոչ է արել, որպեսզի նրանք Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը չօգտագործեն արտաքին միջամտության համար:
Իր հերթին Յան Ցզեչին հայտարարել է, որ Պեկինը նախկինի պես կարծում է, որ 6-կողմանի բանակցությունները ամենաիրական մեխանիզմն են Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը լուծելու համար:










